Armtimes.com-ը գրում է. «Երեկ հայ հանրությունը 2008 թվականից ի վեր ամենամեծ քաղաքական շոկն ապրեց. նախորդ օրվա գիշերային բանակցություններից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի հայտարարություն տարածեց, որը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական կապիտուլյացիա Սերժ Սարգսյանի առաջ: Այդ հայտարարությունը ցնցող տպավորություն թողեց հանրության շրջանում, եւ շատ շուտով հնչեցին գնահատականներ, թե Գագիկ Ծառուկյանն այդպիսով իր անունը գրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի անունների կողքին, ովքեր Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարում պարզապես քցեցին ժողովրդին ու հանրությանը: Նախորդ օրերին արդեն հասկանալի էր, որ տեղի են ունենում խիստ բացասական գործընթացներ: Քաղաքական պրոցեսները քայլ առ քայլ տեղափոխվեցին կուլիսներ և ի վերջո՝ պարփակվեցին չորս անձանց շրջանակներում՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Կարապետյան: Հասկանալի է, որ այս միջավայրում խոսակցությունը չէր կարող լինել քաղաքական կամ ավելի ճիշտ՝ հնարավորինս հեռացած կլիներ քաղաքականությունից: Պիտի քննարկվեին տարբեր տալիք-առնելիքներ, ճշտի և սխալի խոսակցություն պիտի տեղի ունենար, պիտի վերհիշեին անցյալի բազմազան արիշ-վերիշներ և այլն, եւ այդպես շարունակ: Հիմա արդեն արդյունքը պարզ է. Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ զրոյացել է կամ, համենայնդեպս, սարսափելի արագությամբ ընթանում է դեպի զրոյացում: Եվ դժվար թե կա մի գործոն, որ կարող է կասեցնել այդ զրոյացումը:
Այսուհանդերձ՝ բազմաթիվ հարցեր բաց են մնում, եւ թերեւս առաջիկայում հայ հանրությունը կփորձի վերլուծել եւ հասկանալ դրանք: Առաջին հարցը, որ պատասխանի կարիք է զգում, հետեւյալն է. ինչպե՞ս կարող էր Ծառուկյանը, որ ընդամենը հինգ օր առաջ խոստանում էր ցաքուցրիվ անել Սերժ Սարգսյանի իշխանությունը, այսպես հեշտությամբ փլուզվել: Եւվայստեղ կրկին առաջ է գալիս հարցը, թե ինչո՞ւ հայ հանրությունը այդպես էլ չտեսավ նախորդ ուրբաթ օրը Ծառուկյանի անունից տարածված ելույթի տեսագրությունը: Եթե նա իսկապես նման ելույթ ունեցել է, ինչո՞ւ այդ ելույթի տեսագրությունը չի տարածվել: Եթե նա չի ունեցել նման ելույթ, ո՞վ է տարածված տեքստի իրական տերն ու հեղինակը: Այս հարցի պատասխանը հանրությունը չգիտի, բայց Սերժ Սարգսյանը երեւի գիտի: Փետրվարի 12-ի տխրահռչակ ելույթում Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին համարում էր Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավար: Այս դեպքում հարց է ծագում. եթե Ծառուկյանը ֆորմալ ղեկավար է, ո՞վ է ԲՀԿ-ի իրական ղեկավարը կամ ո՞ւմ նկատի ունի Սարգսյանը որպես այդպիսին: Ռոբերտ Քոչարյանի՞ն, Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, ուրիշ որեւէ մեկի՞: Ով էլ լինի նա, ակնհայտորեն տանուլ է տվել այս պարտիան, եւ այս պարտության հետեւանքները չի կարողանալու հաղթահարել: Եւ ընդհանրապես՝ կարող ենք արձանագրել, որ այն շենքը, որտեղ տեղավորվել էին ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները, փլուզվեց: Որ այդ փլուզման ընթացքում եղել են բազմաթիվ քաղաքական զոհեր եւ վիրավորներ, միանշանակ է: Սա մի ցնցում է, որի հետևանքները քաղաքական դաշտը դեռ երկար պիտի հաղթահարի: Բայց և հստակ պատասխանի կարիք է զգում հարցը. Գագիկ Ծառուկյանն ի՞նքն էր քաղաքականությամբ զբաղվում, թե՞ նա ընդամենը ֆասադ էր ինչ-որ մարդկանց համար, ընդամենը մարիոնետ, տիկնիկ՝ մեծ մարմնով ու շատ փողով:
Իսկ ընդհանրապես՝ այս կարճ, բայց չափազանց լարված պատմությունը ստիպում է լրջագույն հետեւություններ անել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության կապակցությամբ: Հայաստանում իշխանափոխության համար պայքարող ուժերը ունեցել են բոլոր հնարավոր տեսակի առաջնորդներ: Ծառուկյանը՝ միլիոնատեր, օլիգարխ: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայրենադարձ սփյուռքահայ: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նախկին նախագահ և ինտելեկտուալ: Ստեփան Դեմիրճյանը՝ հանգամանքների բերումով քաղաքականության մեջ հայտնված մարդ: Կարեն Դեմիրճյանը՝ ուժեղ եւ խարիզմատիկ խորհրդային առաջնորդ: Վազգեն Մանուկյանը՝ Ղարաբաղյան շարժման հզոր ներկայացուցիչ, Պարույր Հայրիկյանը՝ խորհրդային դիսիդենտ: Բոլոր այս մարդիկ, իրարից տարբերվող մարդիկ՝ իշխանափոխության համար պայքարում ունեցել են նույնանման արդյունքներ. ձախողում: Սա նշանակում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները դադարեն տրորված ճանապարհներով առաջ շարժվելու գործելակերպը: Գլխից մեծ խոստումներ տան ժողովրդին և վճռական պահին նրան թողնեն անպաշտպան: Սրա կարեւորագույն պատճառն այն է, որ ընդդիմադիր առաջին դեմքերը, որպես կանոն, ունեն որոշումներ կայացնելու անսահմանափակ լիազորություններ եւ հնարավորություն, և ուրեմն՝ վճռական պահին դառնում են խիստ կառավարելի եւ խոցելի՝ այսպիսով ձախողելով եւ խեղելով մի ամբողջ ժողովրդի և քաղաքական սերնդի ճակատագիր: Ընթացիկ ժամանակաշրջանը, ըստ այդմ, պետք է դառնա նոր, ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման շրջան, որը ունի ուժեղ լիդերներ, բայց այդ լիդերներին չի տրված միանձնյա որոշումներ կայացնելու և հազարավոր մարդկանց ճակատագրերը միանձնյա որոշելու հնարավորություն: Քաղաքական լիդերներին պետք է փոխարինելու գա քաղաքական լիդերությունը, որտեղ բոլոր որոշումները, առանց բացառության, կայացնում են քաղաքական թիմերը, եւ լիդերությունը ոչ թե արտոնություն է, այլ ընդամենը դերակատարում:
Վերադառնալով ընթացիկ իրավիճակին՝ կարող ենք արձանագրել, որ երեկ տեղի ունեցածով ազդարարվում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի վերջը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում








































