«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: Կարո՞ղ ենք ասել, որ առաջնորդները հերթական անգամ հետքայլ անելով՝ հիասթափեցրին ժողովրդին:
– Վերջիվերջո քաղաքական պայքարի իմաստը ո՞րն է: Հաստատ այն չէ, որ կրկեսի վերածենք: Մի կողմից՝ ենթադրվում էր, որ Գագիկ Ծառուկյանը Ալ Կապոնեն է, որ ամեն ինչում սխալ է եղել՝ նիստերին չի մասնակցել, հարկերը թաքցրել է, հանցագործություններ կատարել, մյուս կողմից էլ լսում ենք, որ հետ չեն կանգնելու և այլն… Մեկ էլ հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը և հայտարարում, որ ոչ մի վարչական գործողության չդիմեն ԲՀԿ առաջնորդի նկատմամբ՝ կարծես դա իրենց տան բոստանն էր, հանցագործություններ չկան և այլն… Հետո հանդիպում է տեղի ունենում՝ սա երկի՞ր է, թե՞ կրկես, ծաղրածուներով լցված կրկես: Ի՞նչ են ուզում՝ քաղաքական պայքարի իմաստը ո՞րն է. դուրս գաս ասես՝ գլխից բռնեք, հանցագործություն է կատարել, հետո ներե՞ս: Դա քո տունն ու կնոջդ հետ հարաբերություննե՞րն են, որ ուզում ես՝ ներում ես, չես ուզում՝ չես ներում, երեխա՞դ է, որ դպրոցում չարություն էր արել, ջղայնացար, հետո տարար այգի՝ պաղպաղակ ուտելու:
– Այս իրավիճակում ի՞նչ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Եթե Ծառուկյանն այլևս չլինի կուսակցությունում, չլինի առաջնորդը, կարո՞ղ է կուսակցությունը գոյատևել, ո՞վ է, ասենք, ֆինանսավորելու:
– Ես կցանկանայի, որ ԲՀԿ-ն մնար, ես կցանկանայի, որ այդ կուսակցությունը քաղաքականացվեր: Մի բան, որ ճիշտ էր այս ամենում՝ ԲՀԿ-ն չուներ քաղաքական լիդեր: Ես ափսոսում եմ Գագիկ Ծառուկյան մարդու համար: Նման սպասելիքներից հետո՝ այսպիսի հիասթափություն, որ հիմա կտածեն ԲՀԿ-ից, եռյակից՝ չեմ կարող ասել, թե ինչի կհանգեցնի: Եռյակի մյուս լիդերների պահվածքն էլ, մեղմ ասած, անհասկանալի է:
– Ասենք՝ Տեր-Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին:
– Այո, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ օլիգարխը չի կարող արմատական ընդդիմություն լինել: Մեզ համար ոչ մի նոր բան չեղավ, բայց եռյակի՞ պահվածքը, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա պահվածքը շոկ էր ինձ համար: Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն շատ դաժան ճանապարհ է անցնելու, իրենց հանդեպ ունեցած վստահությունն ամբողջությամբ կորելու է, և շատ լուրջ քայլեր են պետք՝ այդ կուսակցության վերականգնման համար:
Եթե Ծառուկյանը հեռանա, և կուսակցության ղեկավարն արդեն դե ֆակտո լինի Ռոբերտ Քոչարյանը, ապա այդ կուսակցությունն ուղղակի չի լինի: Անվանումը կլինի, բայց կուսակցություն, որպես այդպիսին, ուղղակի չի լինի: Քաղաքական դերակատարությունը ոչ թե զրո, նույնիսկ մինուս կդառնա: Դժվար ներքաղաքական ժամանակներ են սպասվում, բայց իրողությունն այս է:
Համակարգի ներսից որևէ մեկը չի կարողանալու փոխել համակարգը: Սրանով պետք է առաջ շարժվենք, մեզ համար ճանապարհ է բացվում առաջ շարժվելու: Չէ՞ որ որևէ հարց այս կրկեսով չլուծվեց՝ աղքատությունը չվերացավ, տնտեսությունը չվերականգնվեց: Մեզ համար ոչինչ չփոխվեց:
– Իսկ ՀԱԿ-ի հետ ի՞նչ է լինելու:
– Իմ տպավորությամբ՝ այնտեղ քանի որ բավականին քաղաքականացված մասսա է, ինչ-որ ժամանակ դեռ ցույց կտան, որ ամեն ինչ նորմալ է: Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր նախատեսել, ես Սերժ Սարգսյանի փոխարեն լինեի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կնշանակեի իր առաջարկած հանձնաժողովի նախագահ ու մեկընդմիշտ հրաժեշտ կտայի Լևոն-Տեր Պետրոսյան քաղաքական գործչին: Նա ավելի ճկուն է, քան ես կարծում եմ և անհերքելիորեն խելացի մարդ է:










































