2013 թվականի հունվարին Ստամբուլի Սամաթյա շրջանում 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչյուքի սպանության գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կնոջ տան սպիտակ գույնի սբրոցի վրա հայտնաբերվել է ոչ միայն հիմնական մեղադրյալի՝ Թուրքիայի հայ քաղաքացի Մուրադ Նազարյանի, այլ նաև երրորդ անձի արյան հետքերը։ Այս մասին գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Օրերս այս գործի շրջանակներում կայացած դատական նիստի ժամանակ հրապարակվել է դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները, որոնք ցույց են տվել, որ սպանության պահին Նազարյանից բացի մեկ այլ անձ է գտնվել Քյուչյուքի տանը։ Այժմ փորձում են ճշտել երրորդ անձի ինքնությունը։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվող, որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող Նազարյանն իր ցուցմունքում նշել է, թե իրեն սպառնացել են 3 անձինք, որոնք ստիպողաբար տարել են նրան տարեց հայուհու տուն և այնպես արել, որպեսզի սպանություն կատարողը հենց ինքը համարվի։ Մասնավորապես, նրանք կտրել էին Նազարյանի մատը և թողել, որ արյունահոսի՝ բոլոր կասկածները վերջինիս վրա ուղղելու նպատակով։









































