Հունվարի 22-27-ը Վատիկանում տեղի է ունեցել Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի 10-րդ հանդիպումը: Հանդիպման օրակարգում է եղել մինչև 5-րդ դարը Եկեղեցիների միջև հարաբերությունների մասին միասնական փաստաթղթի պատրաստումը:
Աստվածաբանական երկխոսության ներկայացուցիչները հանդիպել են նաև Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էին Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Տ. Շահե աբեղա Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հանդիպմանը ներկա են եղել Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:
Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական պաշտոնական երկխոսության 11-րդ հանդիպումը տեղի կունենա 2014 թ. Հնդկաստանում:










































