«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսական անշարժ գույքի արքաների վարկանշային ցուցակի առաջատարներից մեկը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, Forbes-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հայ համայնքում իրենք օգնում են միմյանց և աջակցում երբ պետք է, բայց գլխավորը՝ երբեք չեն խանգարում:
«Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, երեխաներովս ու բիզնեսով, որը հիմնել եմ: Մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք: Երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվել, ընդհակառակը՝ միշտ փորձել ենք ու փորձում ենք գոյատևել՝ միաժամանակ պահպանելով մեր ինքնատիպությունն ու յուրահատկությունը: Իհարկե, ժամանակները փոխվել են, խոսքն ուղղակի ֆիզիկական պահպանության մասին չէ, բայց իրավիճակները տարբեր են լինում: Մեր միասնությունը հնարավորություն է տալիս շատ բան անել ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում:
Ամեն ինչ կառուցվում է վստահության վրա, ուստի մեզ ոչ ոք երբեք չի խաբել, մենք ևս: Երբեք ոչ մի դատ չի եղել: Բիզնեսմենները, որոնք այս տարիների ընթացքում գոյատևել են, հասկանում են, թե բիզնեսում որքան կարևոր է խոսքը: Մյուսները պարզապես չեն գոյատևել»,- ասել է նա:
Հարցին՝ մտադիր չէ՞ արդյոք լարված գրաֆիկի պատճառով ղեկավարումը հանձնել մենեջերներին ու հանգստանալ՝ Սամվել Կարապետյանը բացասաբար է պատասխանել: «Անկեղծ ասած՝ դեռ ոչ: Չնայած կարծում եմ, որ ցանկացած մարդ երբևէ դրան հանգում է, և հոգեպես դրան պատրաստ եմ: Ինձ համար դեռ հետաքրքիր է բիզնեսով զբաղվելը: Անշարժ գույքն ամենադինամիկ ուղղությունն է, չէ՞ որ պետք է լինում մշտապես ինչ-որ, իրական, շոշափելի նոր բան ստեղծել, ինչը կարող է երկար ժամանակ մարդկանց ծառայել: Ես մեծ հաճույք եմ ստանում այդ գործընթացից»:
Կարապետյանի խոսքով՝ կան մարդիկ, ում ինքը կարող էր փոխանցել գործը: «Կան, և նրանք արդեն սկսում են ղեկավարել բիզնեսը: Ես երկու որդի ունեմ՝ 16 և 22 տարեկան, և աղջիկ, որը 22 տարեկան է: Կրտսեր տղաս սովորում է համալսարանում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար: Դուստրս աստիճանաբար ներգրավվում է ընտանեկան բիզնեսում: Ինձ համար ինքնին բնական էր, որ իմ երեխաները կներգրավվեն բիզնեսում: Նրանք դա գիտեին, իսկ գլխավորը՝ դա ուզում էին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ ոք նույնիսկ վերացականորեն իր ապագան չէր պատկերացնում այլ տեղում: Նրանք ի սկզբանե հասկանում էին՝ ինչով են զբաղվելու:
Իր երեխաներին խիստ դաստիարակելու վերաբերյալ հարցին ի պատասխան Կարապետյանն ասել է. «Կարծում եմ՝ ես նրանց ճիշտ եմ դաստիարակել, մանկուց համապատասխան միջավայր է ստեղծվել: Բացի դրանից՝ գեների գործոնը կա: Իմ երեխաներն ամեն ինչում ինձ են նման: Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչում էր: Ես հիմա նայում եմ նրանց՝ նրանք նույնպիսին են»:
Իր ընտանիքի ու դաստիարակության մասին Կարապետյանն ասել է, որ իր հայրն ամբողջ կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանը: «Նա ուսուցիչ էր և դպրոցի տնօրենի պաշտոնում ավելի քան 50 տարի մաթեմատիկա է դասավանդել, մայրս անգլերեն է դասավանդել: Ինտելիգենտ և շատ աշխատասեր ընտանիք, ես նրանցից շատ բան եմ վերցրել: Ծնողներս ինձ համար առանձնահատուկ միջավայր են ստեղծել, պատանի տարիքից ասել են, որ կյանքում կարևորը պարկեշտ մարդ լինելն ու խոսքը պահելն է:
Բիզնեսմենը նշել է, որ ինքը խմբի միակ տերն է իր երեխաների հետ, որ իրենց բիզնեսն ընտանեկան է:
Կարապետյանի խոսքով՝ իր երեխաները արդեն հաջողությամբ շատ բան են կարողանում անել: «Որդուս առաջին նախագիծը Միտիշներում առևտրի կենտրոնն է: Դա բացառապես նրա լիարժեք նախագիծն է նախագծման և հողի գնման պահից մինչև օպերատիվ կառավարումը: Տեսնենք՝ նա ինչպես ամեն ինչ կիրագործի: Աղջիկս մեդիաբիզնեսի և ժամանցային ինդուստրիայի ուղղությունն է ղեկավարում: Նրա ղեկավարությամբ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի կինովարձույթի առաջատար: Իսկ կինոթատրոնները, իրենց հերթին, ապահովում են մեր առևտրա-ժամանցային կենտրոնների մեծաքանակ այցելությունները»:
Հարցին՝ որ պահին է իրեն հարուստ մարդ զգացել՝ Կարապետյանը պատասխանել է. «Այդպիսի պահ չի եղել: Ես զբոսանավեր կամ եզակի նկարներ չունեմ: Իհարկե, ինձ դուր է գալիս շքեղությունը, բայց ես երբեք չեմ կենտրոնացել դրա վրա և այն կուռք չեմ դարձնում: Ամեն ինչ պարզ է. ինքնաթիռ եմ հավանում՝ գնեցի: Բայց ոչ ասելու համար, որ ունեմ: Գլխավորն այլ է, և դրանով ես ավելի բավարարված եմ զգում. ես զբաղվում եմ իմ գործով: Ինձ համար շատ ավելի կարևոր է ոչ մի տեղ չտապալվել, չկանգնել տեղում և քիչ-քիչ, բայց համառորեն առաջ գնալ:
Բիզնեսում իր սխալների մասին հարցին նա պատասխանել է. «Ակնհայտ սխալներ չեն եղել: Եթե ասելու լինեմ, թե ես ինչը կփոխեի, կասեի՝ չէի կապվի հյուրանոցային բիզնեսի հետ: Այդ ոլորտում շահութաբերությունը կա՛մ շատ փոքր է, կա՛մ չկա: Մերն է «Մոսկվա-Սիթի» հյուրանոցների ցանցը: Դրանք ժամանակակից բարձր կարգի հյուրանոցներ են, սակայն այնպիսի շահույթ չեն բերում, որի համար արժեր միջոցներ ներդնել: Ես այլ արդյունքներ էի սպասում, երբ մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Մենք կորստաբեր հյուրանոցներ չունենք, բայց ընդհանուր շահութաբերությունը փոքր է»:
Հյուրանոցային ակտիվների մասին գործարարն ասել է. «Չենք վաճառի. ինձ համար հյուրանոցային նախագծերը հոգու համար նախագծեր են: Ռուսաստանի շատ շրջաններում մեր հյուրանոցները երբեմն գրեթե միակն են սպասարկման աստղերով և մակարդակով, դրանց բացվելուց հետո զբոսաշրջությունը սկսել է ավելի ակտիվորեն զարգանալ՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային: մեզ համար դա կարևոր է»:











































