ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնում հիմնական թեկնածու է դարձել Ջոզեֆ Քլենսին։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը հիշեցնում է, որ նախկինում նա ղեկավարել է ԱՄՆ նախագահի պաշտպանության վարչությունը, իսկ ներկայումս գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնակատար է։
Ըստ աղբյուրների՝ Օբաման դիտարկել է նաև այլ անուններ, այդ թվում՝ FBI-ի նախկին փոխտնօրեն Շոն Ջոյսի, Կապիտոլիումի ոստիկանության նախկին պետ Տերենս Գեյների և Բոստոնի ոստիկանության նախկին կոմիսար Էդ Դևիսի թեկնածությունները։
Եթե Օբաման իսկապես ընտրի Քլենսիի թեկնածությունը, ապա նա այդպիսով չի հետևի փորձագիտական խմբի խորհրդին, որին ամերիկյան վարչակազմը խնդրել էր մշակել առաջարկներ գաղտնի ծառայության թարմացման համար։ Մասնագետներն առաջարկել էին հատուկծառայության ղեկավար նշանակել դրսից։
Սպիտակ տան մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։









































