Փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովից և առավել ևս դրանից երկու օր հետո ԲՀԿ քաղխորհրդի անդամի հանդեպ տեղի ունեցած դաժան բռնությունից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքաղաքական կյանքում կրկին նպաստել է Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին հարցադրումների ակտիվացմանը:
Սա, իհարկե, միանգամայն տրամաբանական է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանալով պաշտոնաթող նախագահ, այնուամենայնիվ հենց անձամբ է նպաստել այն բանին, որ ներքաղաքական կամ ներհամակարգային որևէ ակտիվ փուլում առաջիններից մեկը սկսի դիտարկվել հետագա զարգացումներում նրա դերակատարության խնդիրը: Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել ակտիվ քաղաքականություն վերադառնալու հաստատ մտադրության մասին, այլ հղում է կատարել միայն հանգամանքների դասավորությանը, սակայն ակնհայտ է, որ նա իր հարցազրույցների միջոցով մշտապես թարմ է պահում իր քաղաքական հավակնությունների և ծրագրերի թեման, ինչն էլ բնականաբար նրա անունը դարձնում է ամենաքննարկվողներից մեկը: Եվ տրամաբանական է նաև, որ այդ քննարկումները հատկապես ԲՀԿ-ի շուրջ զարգացումների ընթացքում են ակտիվանում:
Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն է հայտարարել ԲՀԿ-ի հաջողություններով ոգևորված լինելու մասին, և բացի այդ էլ` կուսակցությունում են ներկայումս մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի շրջապատն էին կազմում նրա նախագահության տարիներին: Եվ բնականաբար հանրությանը բավականաչափ հայտնի է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մտերիմ հարաբերությունների մասին այդ նախագահության տարիներին: Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը թեև որևէ կերպ չի խոսել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների և իր կուսակցության կապի մասին, այնուհանդերձ նա երբեք չի փորձել որևէ սպառիչ պատասխանով փակել թեման, քանի որ Քոչարյանի գործոնը ԲՀԿ-ն դիտարկել է իր` այսպես ասած մրցակցային առավելություններից մեկը ՀՀԿ-ի համեմատ, առավել ևս ՀՀԿ-ական բացարձակ իշխանության վերջին տարիների խայտառակ արդյունքների ֆոնին:
Սակայն արդյո՞ք դա նշանակում է ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի նույնականություն: Ամենայն հավանականությամբ իրավիճակը փոքր-ինչ այլ է, և ամենայն հավանականությամբ թյուր է այն տպավորությունը, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի գործիքը, ենթական, հանձնարարություն կատարողը: Ավելի շուտ խոսք կարող է լինել ինչ-որ հարցերում նրանց համագործակցության, փոխհամաձայնության մասին, ինչպես որ շատ հարցերում նրանք կարող են գործել տարբեր կերպ, ունենալ տարբեր խնդիրներ և կայացնել տարբեր որոշումներ:
Ռոբերտ Քոչարյանն անկասկած լավ է պատկերացնում, որ իր քաղաքական ծրագրերն առաջ տանելու համար միայն ԲՀԿ-ն բավական չէ: Ավելին` միգուցե միայն ԲՀԿ-ն լինի էապես խանգարող հանգամանք և իր դեմ տրամադրի ողջ Հանրապետականին` այն դեպքում, երբ տեսանելի է, որ Քոչարյանը ՀՀԿ-ական որոշ շրջանակների պարբերաբար մեսիջներ հղում է իր հարցազրույցներում: Հիշարժան է նաև նրա հայտարարությունն այն մասին, որ 2007 թվականին ինքն է խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք կադրերով հզորացրել ՀՀԿ-ն: Եթե Ռոբերտ Քոչարյանն ապավինի միայն ԲՀԿ-ին, ապա այստեղ նա ինչ-որ առումով նաև կախվածության մեջ է հայտնվում ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ին ապավինում է ոչ միայն Քոչարյանը, այլ նաև Հովիկ Աբրահամյանը: Եվ այդ ամենը նաև Գագիկ Ծառուկյանի մոտ քաղաքական հավակնությունների ակնհայտ աճի պայմաններում:
Դրանից բացի` Քոչարյանը միայն ԲՀԿ-ին ապավինելու դեպքում, ըստ էության, կամա, թե ակամա կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով ամբողջ ՀՀԿ-ի հետ, ստիպված կլինի իր քաղաքական ծրագրերի իրականացման համար ապավինել բացառապես հասարակական ուժերին, այսպես ասած` ժողովրդական աջակցությանը: Իսկ այստեղ Քոչարյանն ունի զգալի խնդիրներ: Մինչդեռ նույնիսկ խնդիրներ չունեցող քաղաքական դեմքերն են միայն հասարակությանն ապավինելու պարագայում բախվել իշխող համակարգին ու կոտրվել: Քոչարյանը, որ այդ համակարգի ճարտարապետներից է, եթե ոչ գլխավորը, հիանալի կպատկերացնի, թե ինչքան անհույս է լինելու իր համար այդ համակարգի մեծամասնության հետ կոնֆլիկտի պայմաններում միայն հասարակության ուժերով հաջողության հասնելու հեռանկարը: Ի դեպ, այս իրողությունը նաև հետ է պահում ԲՀԿ-ին, քանի որ Քոչարյանի հետ ուղիղ ասոցացումն արդեն ԲՀԿ-ի հասարակական լեգիտիմությունը կդնի կասկածի տակ: Իսկ ԲՀԿ-ն այսօր այդպիսի լեգիտիմություն ունի:
Այստեղ առկա է առանցքային խնդիր Ծառուկյանի և Քոչարյանի միջև, որն անկասկած պայմանավորված չէ անձերով, այլ հատուկ է Հայաստանի իշխող համակարգի բնույթին ընդհանրապես և առավել հակվածություն ունի դրսևորվել դե յուրե իշխանական լծակների բացակայության պայմաններում: Եվ այդ խնդիրը սրացման միտում ունի իշխանության վերարտադրության հերթական ցիկլին ընդառաջ` հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ այդ ցիկլում լուծվելու է նախագահական պաշտոնի կամ ընդհանրապես կառավարման մոդելի, այլ կերպ ասած` նոր իշխանության ձևավորման խնդիրը:
Սերժ Սարգսյանը փորձում է օգտվել այդ խնդրից և կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ-ում խաղի հնարավորությունից զրկելու վրա: Այդ հարցում, ինչքան էլ տարօրինակ է, Սարգսյանի համար ԲՀԿ-ի ռադիկալությունը որոշակիորեն օժանդակ գործոն է, քանի որ այդ ռադիկալության շնորհիվ, իհարկե` կառավարելիության սահմանում, նա կարողանում է կառավարելի պահել նաև ՀՀԿ-ն: Իսկ ԲՀԿ-ի արդեն «անկառավարելի» ռադիկալությունը պայմանավորված կլինի նրանով, թե Սերժ Սարգսյանի համար ինչքանով է ՀՀԿ-ն կառավարելի:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































