Google ընկերությունը փորձարկում է ծառայություն, որը թույլ կտա Android-սմարթֆոնների տերերին հաստատել իրենց վճարումները՝ դրամարկղում անվանելով իրենց անվան սկզբնատառերը: Այս մասին հայտնում է The Information տեխնոբլոգը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Plaso անվանումը ստացած փորձնական ծառայությունը, որը թույլ կտա վճարումներ կատարել հաշվեհամարից ռեստորանում կամ վճարել գնումների համար սկզբնատառերով, ներկայում փորձարկում են Google-ի աշխատակիցները:
Թե ինչպես է աշխատում ծառայությունը՝ դեռ չի նշվում: Սակայն խանութի ներկայացուցիչը, որը ընդունում է վճարումները Plaso-ի միջոցով, հայտնել է. որ Google-ը համաձայնեցրել է իր ծառայությունը խանութի վճարային համակարգի հետ, իսկ վճարումների տվյալները փոխանցվում են Google-ին:
Google-ը նման ծառայության մշակմամբ ոչ միայն մրցակցում է ավելի վաղ գործարկված Apple Pay ծառայության հետ, այլև Plaso-ի օգնությամբ ինտերնետ-ընկերությունը կկարողանա ուսումնասիրել գնորդների վարքագիծն ու ավելի լավ թիրախավորել գովազդը:
Google-ում հրաժարվել են մեկնաբանել ծառայության մշակման պլանները: Բացառված չէ, որ ծառայությունը մնա ներքին փորձարկման փուլում:









































