Կիպրոսի Հանրապետության ընտրական հանձնաժողովը երկրի նախագահի՝ փետրվարի 17-ին տեղի ունենալիք ընտրություններին նախապատրաստվելիս անսպասելի խոչընդոտի է բախվել:
Հանձնաժողովին դիմել են Գինեսի ռեկորդների գրքի հրատարակիչները՝ երկրի նախագահի թեկնածուներից մեկի դեմ բողոքով, որը Գրքի տարբերանշանն օգտագործել է նախընտրական բյուլետենների վրա,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Ընտրական հանձնաժողովի ղեկավարի օգնական Դիմիտրիս Դիմիտրիուն հայտնել է, որ անկախ թեկնածու Անդրեաս Եֆստրատիուն իր համար հատկացված տեղում բյուլետենների վրա տեղադրել է Գրքի տարբերանշանը, քանի որ 2007-ին ընդգրկվել էր գրքում որպես ամենաերկար փեշով հարսանեկան զգեստի հեղինակ:
Եֆստրատիուն 2008-ի նախագահական ընտրություններին ևս այդ տարբերանշանով է մասնակցել:
Դիմիտրիուի խոսքով՝ հրատարակության ղեկավարությանը համապատասխան պարզաբանում է ուղարկվել, սակայն պատասխան ուղերձում նշված է, որ դա հեղինակային իրավունքի խախտում է:
Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդիսը միջամտել է վեճին՝ վճռելով, որ արդեն տպագրված և ընտրատեղամասերին բաժանված գրեթե բոլոր 600 բյուլետենները պետք է ոչնչացվեն, դրանց փոխարեն նորերը կտպագրվեն:
Ներկայումս քննարկվում է այն հարցը, որ Եֆստրատիուն վճարի դրա ծախսը՝ 40 000 եվրո:









































