Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը պատասխանել է միջուկային էներգիայից օգտվելու կապակցությամբ իրենց շարունակ քննադատողներին: Յըլդըզը դրա համար որպես օրինակ է բերել ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները, որոնք ցույց են տվել, թե ինչի հաշվին մարդկային կյանքը կարող է կրճատվել 6 տարով.
ծխախոտը` 2.3 տարի, աղքատությունը` 700 օր, ալկոհոլը` 130 օր, սրտային խնդիրները` 2100 օր: Ինքնաթիռային վթարների ժամանակ ապրած սթրեսը միջին հաշվարկով 1 օրով կրճատում է մարդկային կյանքը: Իսկ ահա միջուկային էներգիան միջին հաշվարկով մարդու կյանքը կրճատում է ընդամենը 0.03 օրով:
Հիշեցնենք, որ ատոմակայանի նորմալ աշխատանքի ընթացքում առաջացած միջուկային մնացուկների ծավալը բավական աննշան է: Public Broadcasting Service ընկերության տվյալներով` 4 անձից բաղկացած ընտանիքը, որը 20 տարվա ընթացքում օգտագործում է ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան, պատճառ է դառնում այնպիսի քանակությամբ ռադիոակտիվ մնացուկների առաջացմանը, որոնք կտեղավորվեն սովորական գազային կրակայրիչի կաղապարում:
Անհրաժեշտ է հաշվի առնել գլոբալ տաքացման գործոնը: Այս առումով ատոմակայանը կարող է համարվել «էկոլոգիապես մաքուր»` հատկապես ածխով աշխատող էլեկտրակայանների համեմատ: 2003 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ածխաթթվի արտանետվածքի, որը համարվում է գլոբալ տաքացման հիմնական աղբյուրներից մեկը, 90 տոկոսի համար պատասխանատվություն են կրում ածխային էլեկտրակայանները:
Ատոմակայանի աշխատանքի ժամանակ մթնոլորտն աղտոտող նյութեր չեն արտանետվում, որոնք բացասաբար չեն ազդում մարդկային առողջության վրա, մառախուղի պատճառ չեն դառնում, որը կործանարար ազդեցություն ունի օզոնային շերտի վրա և նպաստում է գլոբալ տաքացմանը:










































