«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
-Պարոն Հովհաննիսյան, «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից և հունվարի 2-ից՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել, և նոր իրողությունների պայմաններում քաղաքական օրակարգ պետք է մտնի Հայաստանի հետ Արցախի միավորման հարցը: Նման մոտեցումը հիմնավո՞ր եք համարում: Ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման փոխարեն Հայաստանի քաղաքական օրակարգ մտնի այս հարցը:
-Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը իսկապես փոխվել է, սակայն փոխվել է ոչ թե Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությամբ: Ի վերջո, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ընդամենը իրավաբանորեն ամրագրեց անկախության 24 տարիների ընթացքում ձևավորված ՀՀ ռազմաքաղաքական և տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այդ կախվածությունը, որը 1991 թվականից հետո վերստեղծվեց շուկայական և դրամատիրական տնտեսության նոր հիմքերով, շատ ավելի գորշ ու անհրապույր է, շատ ավելի դաժան ու անողոք է, քան խորհրդային Հայաստանի կախվածությունն էր միութենական կենտրոնից: Խորհրդային Հայաստանի օրոք այն զսպվում էր գաղափարախոսական զսպանակներով. Խորհրդային միությունը նման էր յուրահատուկ կրոնական համայնքի, որտեղ իշխող գաղափարաբանական դավանանքի համաձայն՝ բոլոր հանրապետությունների և ազգերի համար պետք է ապահովվեին սոցիալական զարգացման հավասար պայմաններ, քիչ թե շատ հավասար կենսամակարդակ, միևնույն սոցիալական նորմատիվների հիման վրա: ԵՏՄ-ում այդպես չի լինելու: Յուրաքանչյուր երկրի ղեկավար իր շերեփն առած՝ ինչպես դա անում է Ալեքսանդր Լուկաշենկոն, պետք է կռիվ տա ընդահանուր կարկանդակից առավելագույնը պոկելու համար: Բայց մեկի շերեփը երկաթից է, մյուսինը՝ պլաստմասսայից, իսկ մերը, ինչպես տեսնում ենք՝ թղթից:
Հիմա նոր թուղթ ենք ուզում մոգոնել՝ անունը դնելով «Հռչակագիր Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին»: Թե՞ մենք Իսրայելի նման բնակեցրել ենք Արցախն ու մեր ազատագրած տարածքները: Ճիշտ հակառակը՝ Արցախի նախկին և ներկայիս բոլոր պաշտոնյաները արդեն բնակարաններ են գնել Երևանի կենտրոնում՝ կազմ ու պատրաստ տեղափոխվելու Երևան: Ի միջի այլոց, նույնը նաև Հայաստանի սահմանամերձ մարզերի ղեկավարներն են: Օրինակ՝ տխրահռչակ Սուրեն Խաչատրյանը: Հիմա ինչ, եթե վերամիավորման մասին հռչակագիրն ընդունենք, պատկերը կփոխվի՞. երիցս ոչ: Ի վերջո, 1989 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վերամիավորման որոշումը չի բեկանվել: Այս հերթական որոշումն էլ կմնա թղթի վրա: Ինչ է, Գյումրին, Շիրակը Հայաստանի կազմո՞ւմ չեն, որ այնտեղ մեր ոստիկանությունը չկարողացավ մի Պերմյակով որսալ կամ էլ նրան բռնելուց հետո ստիպված էր հանձնել ռուսաստանյան ռազմաբազային:
Այո, Գարեգին Չուքասզյանը ճիշտ է արձանագրում, որ աշխարհաքաղաքական իրավիճակը սեպտեմբերի 3-ից հետո կտրուկ փոխվել է, սակայն փոխվել է ոչ թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, այլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի վերսկսման պատճառով: Ներկայիս պայմաններում չափազանց մեծ է հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը: Նավթի գների անկման պայմաններում պատերազմ վերսկսումը Ալիևի կողմից կարող է ցանկալի դիտվել: Նավթի պաշարներն Ադրբեջանում անսպառ չեն, և ալիևյան կլանի համար նավթատարերի ռմբակոծության սպառնալիքն այլևս զսպաշապիկ չէ, մինչդեռ Երևանը հասանելի է Ռուսաստանից գնված և Նախիջևանում տեղադրված «Ուրագան»-ների համար: Ուրեմն պետք է հեռու մնանք արկածախնդրությունից, եթե չենք ուզում վտանգել համայն հայության մայրաքաղաքը:
-«Հիմնադիր խորհրդարանի» պնդմամբ՝ Արցախը Հայաստանի մաս է, և ԵՏՄ անդամակցությունից հետո, այսպես ասած, պայմանական սահմանը իրական չդարձնելու համար պետք է վերացնել «չինական պատը»: Ինչպե՞ս կազդի այս ամենը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
-Ես Ձեզ արդեն ասացի, որ Շիրակի և Հայաստանի մյուս մասի միջև ոչ մի Չինական պատ գոյություն չունի, սակայն ճգնաժամային պայմաններում իրավիճակի տերն էին ոչ թե հայաստանյան, այլև ռուսաստանյան պատկան մարմինները: Չինական պատը պետք է վերացնել Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես հզորացնելու, մեր ժողովրդի տարբեր հատվածների միասնությունը ապահովելու, արտագաղթն ու բարոյալքվածությունը հաղթահարելու միջոցով: Տեսեք՝ ինչ է ասում Աբել Աղամբեկյանը Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի մասին՝ «արձանագրելով, որ այդպիսի ծավալի կոռուպցիայի պայմաններում Հայաստանը վերջնականապես դատապարտված է կորցնելու իր անկախությունը»:
-Ձեր կարծիքով, կա՞ն արդյոք այս ամենով շահագրգռված արտաքին ուժեր: Հնարավո՞ր է, որ այս ամենը արտաքին միջամտությամբ է տեղի ունենում:
-Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս առճակատման պայմաններում ցանկացած քիչ թե շատ նշանակալի ներքաղաքական, ներազգային ցնցում անպայմանորեն օգտագործվում է հակամարտող աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ցնցումները հրահրվում են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից: Նրանք պարզապես փորձում են օգտվել այդ ցնցումներից՝ իրենց հակամարտության շահերից ելնելով: Իսկ ցնցումների, ներազգային անհամաձայնության միակ պատճառը մեր կոռումպացված, գիշատիչ քաղաքական ու տնտեսական վերնախավերն են, իրական վնասարարը միշտ էլ ներսից է լինում, որդի նման քայքայում է ազգային օրգանիզմը և երկիրը դարձնում տկար ու խամաճիկ արտաքին ուժերի ձեռքում:
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները, Բերձորում տեղի ունեցածի հետևանքները հաղթահարելու համար:
-Պետք է մշակել հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր: Ազգային միասնության ապահովումը մշտական քրտնաջան աշխատանք է պահանջում, քանզի ազգային միասնությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ հեշտ է խաթարել և շատ դժվար է նորից վերագտնել: Նմանատիպ իրավիճակում ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, երբ խոր վիհ առաջացավ Արցախի ու Հայաստանի ղեկավարության միջև, կոշտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, Արցախի իշխանությունների հետ համատեղ, 1997 թ. օգոստոսին Ստեփանակերտում հատուկ խորհրդաժողով կազմակերպեց, որտեղ բոլոր՝ և́ընդդիմադիր, և́իշխանական ուժերն ընդունեցին Ստեփանակերտյան հայտնի հռչակագիրը, որը Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը հատուկ մշակել էր: Նոր հեծանիվ պետք չի հորինել, պետք է օգտագործել մեր փորձը՝ Արցախի իշխանությունները պետք է վերադառնան 1990-ական թթ., երբ մենք փայլուն հաղթանակի հասանք: Այն ժամանակ Արցախի ղեկավարությունը հավասարապես օգտագործում էր ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության մտավոր ներուժը՝ հանուն Արցախյան դատի հաղթական ավարտի: Ավաղ, այդ փորձը հետագայում մոռացության մատնվեց: Եվ ես այսօր վստահ չեմ, որ եթե այսօր մեկնեմ Արցախ, ինձ նույնպես այնպես չեն դիմավորի, ինչպես դիմավորեցին ավտոշարասյան մասնակիցներին:







































