Ղազախստանում՝ Ալմա-Աթայի մոտ, ուղևորատար օդանավ է կործանվել: SCAT ավիաընկերությանը պատկանող Challenger-200 օդանավում եղել են 15 ուղևորներ և անձնակազմի 5 անդամները: Վթարի պատճառը կարող էր լինել ուժեղ միգամածությունը: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնված բոլոր մարդիկ զոհվել են, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Ակմոլինի մարզի ղեկավար Կոսման Այթմուհամաթովի խոսքով ՝ ստեղծվում է հանձնաժողով, զոհվածների հարազատներին կցուցաբերվի օգնություն:
Որոշակի դժվարություններ են առաջացել՝ կապված ուղևորների ինքնության բացահայտման հետ: Դեպքի վայրում աշխատանքներին խոչընդոտում են եղանակային վատ պայմանները: Փրկարարները դիմել են լապտերների օգնությանը:
Կոկշետաու-Ալմաթի չվերթ իրականացնող օդանավը վատ եղանակային պայմաններում վայրէջքի ժամանակ բախվել է գետնին:
Ղազախստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման» հոդվածով:









































