Այս գիշեր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել մայրաքաղաքային նահանգապետարանի շենք, որը տեղակայված է նախագահական նստավայրներից մեկի՝ Աբդինի մոտ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իրավապահ մարմինները նախազգուշական կրակոց են արձակել օդ:
Ցուցարարների մեծ մասն ուժայինների հետ ոչ երկարատև բախումներից հետո շարժվել է դեպի Թահրիր հրապարակ: Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Դրա հետ մեկտեղ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Թահրիր հրապարակի մոտ գտնվող Քասր Ալ-Նիլ փողոցում: Ցուցարարները քարեր և «Մոլոտովի կոկտեյլ»-ներ են նետել իրավապահների վրա, իսկ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: Դյուրավառ հեղուկով շշերից մեկն ընկել է զբոսանավի վրա, որն ամբողջությամբ այրվել է:








































