Սիրիային աջակցելով՝ Ռուսաստանը «պաշտպանում է իրեն, այլ ոչ թե Դամասկոսի իշխող ռեժիմին»: Լիբանանյան «Ալ-Ահբար» թերթի փոխանցմամբ՝ նման գնահատական է Մոսկվայի դիրքորոշմանը տվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը արաբական հասարակության պատվիրակության հետ Դամասկոսի Ռաուդա պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Նա վստահություն է հայտնել, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ռուսական մոտեցման մեջ փոփոխություններ չեն լինի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Սիրիայի առաջնորդը նշել է, որ Վաշինգտոնում այս պահին պատրաստ չեն ճգնաժամի կարգավորմանը:
Նա դրական է արձագանքել պետդեպի կողմից «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը ահաբակչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն: Ասադը հայտարարել է, որ «Ալ-Քաիդա»-ի այդ ճյուղը մոտ ապագայում լիովին կոչնչացվի:
«Եթե Թուրքիան փակի սահմանն ու դադարեցնի գրոհայինների ու զենքի փոխադրումները, Սիրիայում հակամարտությունը երկու շաբաթից կավարտվի»,-հայտարարել է նախագահը:
Նա նշել է, որ Դամասկոսում իրադրության ապակայունացման բոլոր փորձերը ձախողվել են: Քաղաքի բոլոր ռազմավարական կետերում, այդ թվում՝ միջազգային օդանավակայան տանող ավտոմայրուղում անվտանգ իրավիճակ է:
Ասադը հասկանալ է տվել, որ Սիրիան կշարունակի համագործակցությունը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ, չնայած այն բանին, որ ալժիրցի դիվանագետի հետ վերջին բանակցություններում երևացել է, որ «նա գտնվում էր Դամասկոսի դեմ թշնամական քարոզարշավի որոշակի ազդեցության տակ», սակայն Սիրիայի ղեկավարությունը նրան ներկայացրել է իրական պատկերը երկրում, որտեղ իրադրությունը օրեցօր բարելավում է հօգուտ իշխող ռեժիմի:












































