Պաղեստինցիները կարող են միավորվել Հորդանանի հետ կոնֆեդերացիայի շրջանակներում, բայց ոչ ավելի վաղ, քան սեփական պետություն կստեղծեն: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել են պաղեստինյան ԶԼՄ-ները` մեջբերելով ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալային, որը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ:
1948-67թթ. Հորդանանը կառավարում էր Հորդանան գետի Արևմտյան ափը Արևելյան Երուսաղեմի հետ և միայն 1988-ին հրաժարվեց այդ տարածքի հանդեպ պահանջներից: Պաղեստինա-իսրայելական կարգավորման ավանդական մեթոդների հարցում աճող հիասթափության պատճառով մեծանում է քաղաքական գործիչների և քաղաքագետների հետաքրքրությունն այլընտրանքային մոտեցումների նկատմամբ, այդ թվում՝ հորդանանա-պաղեստինյան կոնֆեդերացիայի կամ ֆեդերացիայի:
Հալեդ Մաշաալայի և Աբդալլահ 2-րդի հանդիպման հիմնական թեման պաղեստինյան տարածքներում ղեկավարությունն իրար մեջ կիսած ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների հաշտեցումն է:
Արևմտյան ափի մի մասն Ամմանին փոխանցելու նախագիծը մշակվել է 1987-ին Իսրայելի այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Շիմոն Պերեսի և Հորդանանի թագավոր Հուսեյնի՝ Լոնդոնում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների ժամանակ: Գործնականում ձեռք բերված համաձայնությունը չեղյալ էր համարել Իսրայելի վարչապետ Շամիրը:









































