Սպասվում է, որ երեքշաբթի օրը «Կոսմոս 1484» խորհրդային արբանյակը կընկնի Երկրի վրա։ Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա»-ն։ Անկման ընթացքում այն կանցնի մի քանի արաբական երկրներով: Վտանգի գոտում են Եգիպտոսը, Սուդանը և Պարսից ծոցի մի քանի երկրներ: Այս երևույթի վտանգն այն է, որ անկման ժամանակ արբանյակը բաժանվում է հազարավոր երկաթյա մասերի, որոնք նմանվում են հսկայական կլաստերային ռումբերի:
Satview ինտերնետային կայքը, որը զբաղվում է արբանյակների և երկնային այլ մարմինների անկման մաթեմատիկական հաշվարկներով, հայտնում է, որ «Կոսմոս 1484»-ը կանցնի Արաբական թերակղզու հարավարևելյան հատվածով, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Եմենի և Սաուդյան Արաբիայի մի քանի նահանգների տարածքներով, իսկ երկրորդ իր պտույտի ժամանակ նաև՝ Եգիպտոսի ու Սուդանի տարածքներով:
Satview-ն իր սխալվելու հավանականությունը 3 % է գնահատում: Առավել հավանական է, որ արբանյակը և նրա մասնիկները ծովերի ու օվկիանոսների մեջ ընկնեն, որոնք Երկրի վրա ավելի մեծ տարածություն են զբաղեցնում:
«Կոսմոս 1484» արբանյակը, որի քաշը 2,5 տոննա է, կառուցվել է «Մետեոր» համակարգերի հիման վրա և նախատեսված է Երկրի մակերևույթի արդյունավետ մշտադիտարկման համար: Սակայն այն իր նշանակությամբ կիրառել չհաջողվեց՝ կողմնորոշման համակարգում առկա թերությունների պատճառով:









































