«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Քաղաքացի, իրավունք, բանակ» իրավապաշտպանական կազմակերպության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Սերգեյ Կրիվենկոն:
–Պարոն Կրիվենկո, ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություն են տարածել, որ Գյումրիում 7-հոգանոց ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը օլիգոֆրեն՝ սակավամիտ է ճանաչվել, և չէր կարող զորակոչվել բանակ: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ. որպես զինծառայողների խնդիրներին մոտ կանգնած մարդ՝ ի՞նչ կասեք, հաճա՞խ են հոգեկան հիվանդներին բանակ զորակոչում և մարդ սպանելուց հետո նոր միայն «պարզում», որ նման խնդիր կա:
-Իրավիճակն իսկապես տխուր է: Մենք կուզենայինք, որ ողջ հետաքննությունը անցներ բաց և թափանցիկ պայմաններում, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի ամեն ինչ ու հավելյալ մեկնաբանությունների տեղիք չտա:
Մենք շոկի մեջ ենք ստեղծված իրավիճակից, և մեր կազմակերպությունը շահագրգռվածէ, որ բոլոր քննությունները թափանցիկ պայմաններում անցնեն:
Ցավոք սրտի, այո, ռուսական բանակում զորակոչի ընթացքում իրավապաշտպանական կազմակերպությունները ֆիքսում են ահռելի մեծ թվով խախտումներ: Շատ դեպքերում, այո, խախտվում է օրենքը: Դեպքեր են լինում, երբ ակնհայտ հաշմանդամ մարդուն բանակ են զորակոչում: Բավական շատ են դեպքերը, երբ հոգեկան խնդիրներով տղաներին զորակոչում են բանակ: Մեզ մոտ ամեն տարի մոտավորապես 30․000 տղա են զորկոչում բանակ , և նրանց 15, երբեմն նաև 30 տոկոսը զորակոչվում է խախտումներով: Բանակում տեղի ուենցող արտակարգ դեպքերի մեծ մասն էլ այն բանի հետևանք է, որ նմանատիպ խախտումներով են բանակ զորակոչում:
Հիմա մենք դիմում ունենք, որ զինվորը նախորդ տարվա դեկտեմբերին զորակոչվել է բանակ, երկու շաբաթ անց բողոք է ունեցել, հիմա հոսպիտալում է առողջական խնդիրների պատճառով, ու մենք փորձում ենք միջնորդել, որ տվյալ առողջական վիճակով զինվորը վաղաժամկետ զորացրվի:
Եթե, այդուհանդերձ, մարդը բանակ է զորակոչվում՝ խախտումներով կամ առանց դրանց, ապա նրան կարող են ցանկացած վայր ուղարկել ծառայելու, այդ թվում նաև ուրիշ երկրում տեղակայված ռազմաբազա։ Սահմանափակում այս հարցում չկա: Բայց այստեղ մեկ այլ ըմբռնում կա, որ եթե նա տվյալ բազայում է ծառայում, ապա լիովին առողջ է: Թե ինչու Պերմյակովի մոտ ի հայտ եկած խնդիրն ավելի վաղ չի հայտնաբերվել՝ դա պետք է պարզի քննությունը: Նա իսկապե՞ս ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչպես հրապարակվում է, թե ոչ՝ դա դեռ պետք է պարզել: Մեր կազմակերպությունը պնդում է, որ այդ բոլոր քննություններն անցնեն բաց և թափանցիկ, առաջին հերթին՝ հայ հասարակության համար: Եթե դա ապացուցվի, ապա պետք է գործ հարուցել այն բոլոր բժիշկների դեմ, ովքեր թույլատրել են, որ Պերմյակովը բանակ զորակոչվի: Եթե եղել են դեպքեր, որ նա իրեն ոչ արդեկվատ է պահել ծառայության ընթացքում, ապա նաև հրամանատարների նկատմամբ պետք է գործ հարուցել: Այսինքն՝ այս վարկածն ապացուցվելու դեպքում պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր չնչին առնչություն են ունեցել:
–Այսինքն՝ եթե հոգեկան հիվանդ լինելու վարկածն ապացուցվեց, ապա նրան ուղղակի հոգեբուժարան կուղարկեն 7 մարդու այդտեսակ դաժանությամբ սպանելու համար:
-Սովորաբար՝ այո՛, եթե նա հոգեկան հիվանդ է, ապա հոգեբուժարան կուղարկեն, պարտադիր բուժում կնշանակեն: Ամեն բան կախված է նրանից, թե որքան ծանր է նրա վիճակը, եթե, իհարկե, այդ վարկածն ապացուցվեց:
–Դուք բացառու՞մ եք այն տարբերակը, որ սա կեղծ վարկած է, որ անում են դիտավորյալ, որպեսզի Պերմյակովը հայտնվի հոգեբուժարանում և ոչ բանտում։
-Ես դրա համար էլ ընդգծեցի, որ մենք ևս պահանջում ենք բաց և թափանցիկ քննություն: Պետք է հայ քննիչներին էլ թույլատրեն այդ ամենին մասնակցություն ունենալ, որ բոլոր փաստաղթերին տիրապետեն: Այս հանցագործությունն ուղղակիորեն պահանջում է, որ քննությունը տարվի բաց և թափանցիկ, այլ տարբերակների դեպքում մարդկանց մոտ միշտ էլ կասկածներ են լինելու, որ սա սարքվեց Պերմյակովին հոգեբուժարան ուղարկելու համար: Ես կրկնում եմ՝ հայկական կողմը պետք է անմիջականորեն տիրապետի ողջ ինֆորմացիային, բոլոր փաստաթղթերին ու քննության ընթացքին: Ես չեմ բացառում, որ ընդունվելէ քաղաքական որոշում Պերմյակովին հիվանդ ճանաչելու հարցում: Ցավոք սրտի, նման բան կարող է լինել: Ես հուսով եմ, որ գոնե այս դեպքում մեր քննիչները բարեխիղճ ու արդար կաշխատեն:
– Ինչու՞ է, ըստ Ձեզ, ռուսական կողմը համառում Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում:
-Ինչքանով որ ես կարող եմ դատել՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը՝ կապված 102-րդ ռազմաբազայի հետ, թույլատրում է, որ հայկական կողմն անցկացնի քննությունը, համենայնդեպս, չի բացառում նման բան: Ըստ էության, հարցը թողնված է հայ-ռուսական բանակցությունների վրա, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է կոմպրոմիսի գնա՝ դատն անցկացվի Հայաստանում՝ բաց ու թափանցիկ, և որ բոլոր ցանկացողները կարողանան ներկա գտնվել:









































