Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալ Ռոմանը հայտարարեց, թե ցանկանում է ինքնուրույն պաշտպանել իր շահերը:
Դատավորները թերահավատորեն նայեցին հեռավոր շրջանից եկած երիտասարդին: Միջնակարգ կրթությամբ Ռոմանը իրավաբանությունից շատ հեռու էր թվում՝ իր անունից ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար:
Նա անկեղծորեն ասաց, թե բողոքը փաստաբանն է ձևակերպել, սակայն ինքը վստահ է, որ կկարողանա հիմնավորել այն:
Ռոմանի մեղքն այն էր, որ «ռոման» էր ունեցել անչափահաս աղջկա հետ: Բայց պարզապես «ռոմանի» համար նա չէր մեղադրվի:
2012 թվականի հոկտեմբերի սկզբին էին ծանոթացել: Հոկտեմբերյան մի երեկո էլ 20-ամյա Ռոմանն ու 14-ամյա աղջիկը զբոսնել էին իրենց քաղաքում, հասել մանկապարտեզի շենքին, որի մուտքը բաց էր եղել՝ շինվերանորոգման աշխատանքների պատճառով:
Սիրահարները ներս էին մտել, առաջին հարկի նստարանի վրա նստել ու… ամեն բան ավարտվել էր սեռական հարաբերությամբ:
Ռոմանը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 17-ին: Նոյեմբերի 28-ին ընդհանուր իրավասության դատարանը, գործը քննելով արագացված ընթացակարգով, Ռոմանին մեղավոր էր ճանաչել և, չնայած մեղադրողը միջնորդել էր նրան տուգանքի դատապարտել, դատարանն ավելի խիստ էր վերաբերվել, նշել էր, թե ազատազրկման հետ չկապված պատժատեսակը չի ծառայի պատժի նշանակման նպատակներին և հանցավորի ուղղմանը, հետևաբար՝ Ռոմանին դատապարտել էր 6 ամիս ազատազրկման:
Ռոմանը վերաքննիչ բողոք էր բերել՝ խնդրելով իր նկատմամբ որպես պատիժ սահմանել տուգանք կամ կիրառել պայմանական դատապարտություն:
Տուժող աղջիկը վերաքննիչ դատարան էր եկել իր օրինական ներկայացուցչի՝ մայրիկի հետ: Ռոմանն էլ իր մայրիկի հետ էր դատարանում:
Տուժող աղջիկն ու իր մայրը դատարան էին ներկայացել առանց որևէ փաստաթղթի՝ ենթադրելով, թե դատարանից ստացված ծանուցագրերը բավական են, որ մայրաքաղաքում իրենց անձը ճանաչեն:
Մեղադրողը հաստատեց նրանց ինքնությունը:
Անչափահաս աղջիկը գեղեցիկ էր, իր տարիքից մեծ ու հասունացած էր երևում: Ակնհայտորեն՝ ազատ վարքի տեր աղջիկ չէր, զգացմունքներն էին նրան մղել այն արարքին, որի համար հետո շատ էր տանջվել:
Դատարանը ճշտեց ամբաստանյալ Ռոմանի ինքնությունը: «Որևէ բան ունե՞ք ավելացնելու»,- հարցրեց նախագահող դատավոր Արարատ Պետրոսյանը:
«Ուզում եմ ավելացնել, որ դատավճռում ամրագրված է, թե չեմ աշխատում, բայց արդեն աշխատում եմ: Կահույքի արտադրամասում կահույք եմ սարքում: Փաստաթուղթ եմ բերել»,- ոչ առանց հպարտության ասաց ամբաստանյալը:
Այնուհետև բավական գրագետ ու վարժ, առանց կարդալու, առանց սխալվելու նա այնպես հիմնավորեց իր վերաքննիչ բողոքը, որ դատավորները հարցրին՝ դու ի՞նչ կրթություն ունես: «Միջնակարգ»: «Ո՞ր դպրոցն ես ավարտել»: Ռոմանը անվանեց գյուղական դպրոցը, իսկ նախագահողը, դեռ ամբաստանյալի խոսքի տպավորության տակ, հարցրեց՝ ի՞նչ թեքումով էր այդ դպրոցը: «Սովորական դպրոց էր, տասներորդ դասարանն եմ ավարտել»,- արագ պատասխանեց Ռոմանը:
Նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Իր կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը ակնհայտորեն խիստ էր: «Այդ հոդվածով նախատեսված է նաև ազատազրկման հետ չկապված պատիժ՝ տուգանք: Ես միջնորդում եմ, որ դատարանը իմ նկատմամբ որպես պատիժ սահմանի տուգանք»:
Ռոմանն իր ասածը հիմնավորեց ըստ կետերի. նախ՝ առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով չի կարող գտնվել կալանավայրում: «Ես կարող էի դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար, ինձ հասնում էր: Բայց ինքնասիրությունս թույլ չտվեց: Ես չեմ ուզում բեռ լինել իմ երկրի ու հարազատների ուսերին: Ես ի վիճակի եմ աշխատելու և աշխատում եմ: Քանի որ արդեն իմ վաստակն ունեմ, կարող եմ վճարել տուգանքը, և դա իմ գործած մեղքի համար իմ պատիժը կլինի: Ես գիտակցում եմ, որ մեղք եմ գործել: Գիտակցում եմ, որ պիտի պատժվեմ: Ես խոստանում եմ նաև, որ հենց աղջիկը չափահաս դառնա, պատրաստ եմ ըստ կարգի ու ավանդույթների՝ ամուսնանալ, որպեսզի քավեմ մեղքս նրան պատճառած բարոյական տառապանքի համար…»:
Երիտասարդը պարզաբանեց, որ մինչև ընդհանուր իրավասության դատարանում դատավարության սկսվելն էլ ինքը քայլեր էր կատարել, որ աղջկա հետ նշանվի, իրենց հարաբերությունները պարզեցնի: Բայց ծնողները համաձայնության չէին եկել:
Դատավորի հարցին Ռոմանը պատասխանեց, որ արարքը կատարել է աղջկան սիրելով, ոչ թե ժամանակ անցկացնելու համար: «Ես հիմա էլ սիրում եմ նրան»,- ասաց ամբաստանյալը:
Տուժող աղջկան ևս հարց ուղղվեց: Աղջիկը մայրիկի հայացքի ներքո ոտքի կանգնեց և, ճիշտ է, տղայից նեղացած էր երևում, տանն էլ, երևի, այլ բան էին նրան ասել, բայց ինքը մի քիչ մտածեց ու պատասխանեց, որ… սիրում է Ռոմանին:
Աղջիկը նաև որոշակի տատանումից հետո ասաց, թե չի առարկում Ռոմանի բողոքի դեմ, իսկ աղջկա մայրը, աղջկա պատասխանն ասես չլսելով և ծնողական ամբիցիաներով միայն առաջնորդվելով, ասաց՝ թող ազատազրկվի ու պատիժ կրի:
Միայն թե տասնչորսամյա աղջկա մայրը տեղի ունեցածի մեջ ոչ միայն երիտասարդի մեղքը պիտի տեսներ, այլև իր՝ դեռահասի մոր պատասխանատվությունը:
Այն, ինչ կատարվում է մեր երեխաների հետ, մեր աչքից պիտի չվրիպի, մեր ուշադրության ոլորտից նրանք պիտի դուրս չսայթաքեն:
Մեղադրողը հայտնեց, որ դեմ չի լինի, եթե երիտասարդի վերաքննիչ բողոքը բավարարվի, և նա դատապարտվի ազատազրկման հետ չկապված պատժի: Կոնկրետ այս դեպքում՝ նշեց մեղադրողը՝ ամբաստանյալի անձը նկատի ունենալով, կարծում եմ, որ ավելի մեղմ պատժատեսակն էլ բավարար կլինի ամբաստանյալի ուղղման համար:
Դատարանը, տուժող անչափահաս աղջկա և նրա մայրիկի դիրքորոշումների հակասության պայմաններում որոշեց ժամանակ տալ, որ կողմերի ընտանիքները խորհրդակցեն: Եթե երիտասարդները սիրում են իրար, եթե հնարավոր է օգնել, որ նրանց զգացմունքները հասունան, և հետագայում նրանց կողմից նորմալ ընտանիք կազմվի, ապա դա պետք է արվի՝ առանց կեղծ բարեպաշտության և ձևականությունների:
Ամբաստանյալի ազգանունը, տուժողի անունը, նրանց բնակության վայրը չեմ նշել՝ նրանց անձնական կյանքի գաղտնիությունը հարգելով և ցանկանալով, որ երիտասարդները կարողանան պայքարել իրենց զգացմունքների ու միասին լինելու երջանկության համար: Այս նորօրյա «Ռոմեոն ու Ջուլիետը» կարող են երջանիկ շարունակություն տալ իրենց «ռոմանին», եթե, իհարկե, ցանկանան դա անել և ուժ ունենան միասին հաղթահարելու բոլոր դժվարությունները:
Դատական նիստը հետաձգվեց: Ժամանակ տրվեց, որպեսզի երկու ընտանիքները հստակեցնեն իրենց դիրքորոշումը:









































