Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում արձանագրվել է նոր փուլի մեկնարկ, որի առաջին քայլը մինչ այսօր գոյություն ունեցող ոչ իշխանական ուժերի բևեռի վերադասավորումն է, որն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ առնվազն ձևավորելով երեք ուժերի ֆորմատին զուգահեռ առավել լայն ֆորմատ: Գագիկ Ծառուկյանը նաև նախանշել է այդ ֆորմատի անելիքները և ըստ էության արձանագրել, որ լոկոմոտիվը լինելու է հենց այդ ֆորմատը:
Ծառուկյանի ելույթը, որ բաղկացած էր մեծ հաշվով երկու մասից, հենց այդ մասին էր: Մի մասը Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին ներկայացվող պահանջներն էին, իսկ մյուս մասը՝ ֆորմատի մասնակիցներին, որի առումով բավական պատկերավոր էր հավատարմության մասին Ծառուկյանի խոսքերը. «Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով և պայքարելով մինչև հաղթանակ»:
Պատահական չէ, որ Ծառուկյանը խոսում է հավատարիմ մնալու մասին, քանի որ նրա համաժողովն անցնում էր մինչ այսօր ոչ իշխանական բևեռի թիմ մեկ դաշնակցի՝ ՀԱԿ-ի բացակայության և մերժման պայմաններում: Սակայն Ծառուկյանն, իհարկե, ունի հավատարմության մասին մտածելու այլ խնդիրներ ևս՝ ելնելով այն իրողությունից, որ ոչ իշխանական բևեռում նրա շուրջը հավաքվել են մարդիկ և կուսակցություններ, որոնց մի ահագին մասի կենսագրությունն ըստ էության և՛ քաղաքական, և՛ մարդկային անհավատարմությունների կենսագրություն է, որոնք տարբեր տարիներին, հայաստանյան քաղաքական գործընթաների տարբեր փուլերում և՛ դաշնակից ուժերի են դավաճանել, և՛ դավաճանել են գործընկերների, ընկերների:
Այնպես որ՝ Ծառուկյանն, իհարկե, գիտի, թե ում է հավաքել իր կողքը, կամ ովքեր են իր կողքը հավաքվել, և հավատարմության մասին առայժմ նուրբ ակնարկը, որ հնչել է նրա ելույթի սկզբում, ըստ էության նրա միանգամայն գիտակցված և արդարացի մտահոգություններն է արտահայտում:
Սակայն կարողանալո՞ւ է արդյոք Ծառուկյանը պահպանել այդ զուգահեռ ֆորմատների ընթացքը: Նրա պատրաստակամությունը՝ համաժողովից հետո էլ հանդիպել եռյակի առաջնորդների ֆորմատով, ըստ էության վկայում է, որ հակված է պահպանել նաև եռյակի ձևաչափը: Իսկ այստեղ իսկապես առաջ են գալիս բազում հարցեր և խնդիրներ երկու ֆորմատների զուգահեռ հնարավորության մասին:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը համաժողովից առաջ հայտարարել էր, որ ակնկալիքներ ունեն եռյակի ֆորմատից: Այսինքն՝ համաժողովը ՀԱԿ-ը ցուցադրաբար մերժել է՝ ոչ միայն չի մասնակցել, այլև, ըստ էության, հրաժարվել է ընդունել այդ ֆորմատի նշանակությունը: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը հենց դրա առաջ է հայտարարել հանրահավաքների մասին: Ծառուկյանը պատրաստվում է «համաժողովի» ֆորմատով տանել, այսպես ասած, շտաբային քաղաքականության գիծը, իսկ եռյակի ֆորմատով՝ հանրահավաքային, թե՞ նա հանրահավաքները պատրաստվում է անցկացնել հենց նույն լայն ֆորմատով, և այստեղ ՀԱԿ-ը պետք է որոշի՝ հրապարակում միանո՞ւմ է այդ ֆորմատին, թե՞ ոչ: Որովհետև վերջիվերջո միգուցե ՀԱԿ-ին ոչ թե համաժողովի կազմը չի գոհացրել, այլ պարզապես այն, որ համաժողովրդական շարժմանը մի փոքր չեն ներդաշնակվում հինգաստղանի սուպերլյուքս հյուրանոցում անցկացվող «հեղափոխական» հավաքները:
Այս խնդիրները, իհարկե, կքննարկվեն առաջիկա հանդիպմանը եռյակի ֆորմատով: Ակնհայտ է, որ դրանից առաջ Ծառուկյանն, իհարկե, բավական ճնշում է բանեցրել օրակարգային իմաստով՝ կուտակելով բավական մեծ պաշար, սակայն կասկածից վեր է, որ Ծառուկյանի համար առանցքային խնդիրը՝ եթե նա ուզում է հարաբերություններ պարզել Սերժ Սարգսյանի հետ, առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները մեկընդմիշտ պարզեցնելն է:











































