Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսսա Մեյերը Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում պատմել է, որ ինտերնետ-ընկերությունն աշխատում է տեխնոլոգիաների վրա, որոնք անհատականացնում են վեբն ու այն մատուցում են մարդկանց նրանց բջջային սարքերում, հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ ընկերությունը կստեղծի այսպես կոչված՝ «հետաքրքրությունների սյունակներ», որոնք օգտվողներին կօգնեն տրամադրել այն կոնտենտը, որը նրանց համար առավել օգտակար է և հետաքրքիր: Օգտվողները լիովին կկառավարեն սեփական սյունակները և կարող են դրանցից տեղեկատվություն հեռացնել կամ ավելացնել:
Մեյերը նաև պատմել է, որ ներկայումս Yahoo-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում անլար տեխնոլոգիաների ոլորտում, որոնք ընկերությանը կօգնեն ավելի հաջող մրցակցել Facebook-ի, Google-ի և այլ ինտերնետ-ընկերությունների հետ:
«Վեբ-տարածքը շատ է մեծանում, այստեղ շատ տեղեկատվություն և ուղղորդված կոնտենտ կա: Բջջային տեխնոլոգիաների, «հետաքրքրությունների սյունակների» և լոկացիոն ծառայությունների տվյալները կարող ենք զտել և օգտվողներին առաջարկել այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է»,- ասում է Մեյերը:
Նա նաև նշել է, որ ներակյումս Yahoo-ի խնդիրն ինտերնետ-բրաուզինգի համար հավասար հնարավորություններ տրամադրելն է:











































