Սևծովյան, Բալթիկ և Հյուսիսային նավատորմերը ՌԴ ռազմածովային ուժերի լայնամասշտաբ վարժանքների ընթացքում կրակոցներ են արձակում Սիրիայի ափերի մոտ: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամլո ծառայությանը:
Ռազմական գերատեսչությունում ընդգծում են, որ կրակոցներն արձակվում են այն շրջանում, որը քաղաքացիական նավերի համար նախապես հայտարարվել է վտանգավոր:
Համաձայն ուսումնական պլանի՝ կիրականացվի 60-ից ավելի մարտական վարժություն, հրաձգություն՝ ուղղված օդային, ծովային և ստորջրյա թիրախների դեմ:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքելով ԱՄՆ Պետդեպի գնահատականին, թե` ռուսների տարհանումը Սիրիայից Ասադի ռեժիմից Մոսկվայի հիասթափության վկայությունն է, հայտարարել է, որ իրենք երբեք այդ ռեժիմով չեն հիացել և երբեք չեն աջակցել: Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը և ընդգծել, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի այնտեղ ապրող ժողովուրդը:
Սիրիայի ընդդիմությունը Ռուսաստանին մեղադրում է Ասադի ռեժիմի միջազգային մեկուսացման դեմ հանդես գալու մեջ: Մերձավորարևելյան մամուլում պարբերաբար հայտնվում են նյութեր՝ սիրիական բանակին ռազմական ոլորտի ռուս մասնագետների կողմից ցուցաբերված օգնության մասին: Բոլոր նյութերը հերքվում են ՌԴ ԱԳՆ-ի և ՊՆ-ի կողմից:









































