Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի հավաքականի հավաքին ու կրելու է Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:
– Նորայր, ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ իմացար, որ քեզ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական.
– Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, և երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է:
– Քո ակումբում ինչպե՞ս ընդունեցին այն լուրը, որ քեզ հրավիրել են Հայաստանի հավաքական.
– Ակումբում շատ լավ ընդունեցին այդ փաստը: Մեր խաղացողների մեծ մասը հոլանդացիներ են, և ինքներդ էլ հասկանում եք՝ նրանց համար շատ դժվար է Հոլանդիայի հավաքականում խաղալու հույս ունենալ: Մեր ակումբում հպարտ են, որ ունեն թեկուզ այլ երկրի ազգային հավաքականի թեկնածու:
– Ո՞րն է քո նախընտրած դիրքը խաղադաշտում.
– Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ես ինձ համարում եմ հարձակվողական ոճի կիսապաշտպան կամ ետ քաշված հարձակվող: Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին:
– Հավաքականի խաղացողներից ինչ-որ մեկի հետ ծանո՞թ ես.
– Անձամբ ոչ մեկի հետ ծանոթ չեմ, շատ կարճ շփվել եմ միայն Արազ Օզբիլիսի հետ: Բայց գրեթե բոլորին էլ ճանաչում եմ, քանի որ հատկապես վերջին շրջանում մեր հավաքականի խաղացողների մասին շատ է խոսվում նաև Եվրոպայում:
– Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից.
– Մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մեր մրցակցի մասին հստակ պատկերացում չունեմ, փոխարենը միշտ հետևել եմ մեր հավաքականի խաղերին: Ինձ հատկապես դուր եկավ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որտեղ մեր հավաքականը ցույց տվեց, որ մեծ ներուժ ունի և կարող է ավելի լուրջ խնդիրներ լուծել: Հավաքականում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ես գիտակցում եմ, որ մեր հավաքականի հատկապես հարձակման գծում լուրջ մրցակցություն կա, բայց պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուն:







































