«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին մասնակից, ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով միակ դատապարտյալ Զաքարիաս Մուսաուին ամերիկացի իրավաբաններին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները անցյալ հարյուրամյակի 90-ականներին գումարներ են փոխանցել խմբավորմանը: Այս մասին գրում է France Presse-ը:
Նշվում է, որ Մուսաուիի հայտարարությունը առկա է փաստաթղթերում, որոնք Նյու Յորքի դատարան են ներկայացրել ահաբեկչության զոհերի հարազատների իրավաբանները: Վերջիններս Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ-Քաիդա»-ին աջակցելու մեջ: Մուսաուին պնդում է, որ ինքն է ստեղծել ««Ալ-Քաիդա»-ի դոնորների» թվային բազան, որտեղ մտել են Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի անդամները, օրինակ՝ արքայազններ Թուրքի իբն Ֆեյսալ Ալ Սաուդը և Բանդար բեն Սուլթանը, որը 22 տարի՝ մինչև 2005-ը, ԱՄՆ-ում երկրի դեսպանն էր:
Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը հերքել է գրոհայինի մեղադրանքները՝ նրան անվանելով «հոգեպես անհավասարակշիռ»:











































