Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: Հարձակվողը հարցազրույց է տվել championat.com կայքին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Ես վստահ եմ ուժերիս: Կարծում եմ՝ ավելի բարդ է գոլեր խփել ավելի համեստ ակումբում, քանի որ խփած գնդակների ժամանակ շատ մեծ դեր են ունենում խաղընկերներդ: «Սպարտակ» տեղափոխությունն ինձ համար մեծ մարտահրավեր է: Այս ակումբում հանդես գալը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ «Սպարտակ»-ի մարզական պատիվը պաշտպանել և թիմին մեծ հաջողություններ է բերել իմ հայրենակիցը՝ Նիկիտա Սիմոնյանը:
Մանկուց երկրպագել եմ «Ռեալ»-ին ու «Արսենալ»-ին: Շատ էի հավանում Պրեդրագ Միյատովիչի, Թիերի Անրիի և բրազիլացի Ռոնալդոյի խաղը: Հասցրել եմ ծանթանալ Դևիդ Բեքհեմի հետ: Նրա թիմի դեմ նաև մի քանի խաղ եմ անցկացրել: Նա հիանալի տղա է: Բացի այդ, ես երկրպագում եմ Քոբի Բրայանթին:
Մինչև Հայաստանի հավաքական տեղափոխվելը հրավեր էի ստացել նաև ԱՄՆ-ի հավաքականից, սակայն ես հայ եմ և ցանկանում եմ պաշտպանել հայրենիքիս մարզական պատիվը: Ցավում եմ, որ չկարողացանք դուրս գալ «Եվրո-2012», մենք շատ մոտ էինք դրան»:









































