Հովիկ Աբրահամյանը մարտի 28-ին կարգադրություն է ստորագրել Երիտասարդական խորհրդարան ստեղծելու մասին, որում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիները: Ըստ հրամանագրի՝ նրանք կարող են նաև ինքնաառաջադրվել։ Նախաձեռնությանը կարող են մասնակցել նաև Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների երիտասարդական թևերը։
ՀԱԿ երիտասարդական հանձնաժողովի անդամ Գեորգի Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնության նպատակը մոտավորպես պարզ է. «Դա նույնն է, ինչ այսօր կատարվում է իշխանական կուսակցությունների երիտասարդական կառույցներում: Այսինքն փորձում են ստանալ սովետական կոմսոմոլ կոչվածի շարունակությունը: Անձամբ ես չեմ մասնակցի տվյալ խորհրդարանի ոչ մի միջոցառման, որովհետև դա իրականում ֆարս է լինելու: Այս իշխանությունների հետ մենք չենք գնում ոչ մի երկխոսության, որովհետև գիտեք՝ կան քաղբանտարկյալներ և կան պայմաններ՝ առաջադրված տվյալ իշխանությունների հետ բանակցելու համար»:










































