Իսպանական թագավորական տունը, փորձելով իրենից ավելի հեռացնել խարդախությունների համար մեղադրվող միապետ Խուան Կառլոս Առաջինի փեսային, իր կայքից ջնջել է նրան նվիրված բաժինը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սարսաուելա պալատին:
«Թագավորական ընտանիքի կայքում մնացել են միայն հենց Խուան Կառլոս Առաջինի, նրա կնոջ՝ թագուհի Սոֆյայի, գահաժառանգ արքայազն Ֆելիպեի, նրա կնոջ՝ Լատիսիայի, ինչպես նաև միապետի դուստրեր Ելենայի և Քրիստինայի բաժինները»,- նշվել է պետության ղեկավարի նստավայրի հայտարարությունում: Թագավորի փեսան՝ Ինյակի Ուրդանգարինը, այսօրվայից կհիշատակվի որպես թագավորական տանը նախկինում անցկացված միջոցառումների մասնակից:
Նա մեղադրվում է խարդախության և ոչ կոմերցիոն կազմակերպության միջոցով Բալեարյան կղզիների բյուջեից 6 մլն եվրո հափշտակելու համար: Ինյակի Ուրդանգարինը թագավորի շրջապատում չի հայտնվել արդեն ավելի քան մեկ տարի, այն բանից հետո, երբ նրա դեմ դատական գործընթաց սկսվեց:







































