Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ իր 25-րդ ամենամյա զեկույցը: Այն բաղկացած է 644 էջից, իր մեջ ներառում է 90 երկիր: Հայաստանի վերաբերյալ «Հանրահավաքների ազատություն» բաժնում ասվում է.
«Իշխանություններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են ազատ հավաքներին: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի համաձայն՝ մայրաքաղաք Երևանում 2014թ. առաջին կեսին կենսաթոշակային բարեփոխումների, կոմունալ ծախսերի աճի, բնապահպանական և այլ թեմաներով անցկացվող խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 70 ակտիվիստ: Ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել հենց նույն օրը, մյուսները վարչական տույժի են ենթարկվել:
Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ պնդում են, որ իրենց հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ իրենք փետրվարին մասնակցել են վիճահարույց կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցի: Հունիսին մի շարք բողոքի ցույցերից հետո Երևանի ոստիկանությունը ձերբակալել է Աֆրիկյանների պատմական շենքը քանդելու դեմ բողոքի ցույցի մասնակիցներին: Հունիսի 23-ին Երևանի ոստիկանությունը ձերբակալել է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ ցուցի 27 մասնակիցների: Հայաստանի օմբուդսմենը ոստիկանության այդ գործողությունները որակել է որպես անհամաչափ: Իշխանությունները քննություն են սկսել ոստիկանության դեմ. մի քանի ոստիկանների գործ հետաձգվել է՝ մինչև լիարժեք հետաքննություն:
Տեղի մարդու իրավունքների ակտիվիստները կարծում են, որ քաղաքական ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանի և նրա 13 աջակիցների դեմ դատական հետապնդումը և դատապարտումը քաղաքական շարժառիթներ ունի: Իշխանություններն ակտիվիստներին ձերբակալել են 2013թ. նոյեմբերին ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներում, երբ նրանք փորձում էին շարժվել նախագահական նստավայր: Հոկտեմբերին Երևանի դատարանը նրանց մեղադրեց իշխանությունների դեմ բռնության մեջ և դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման: Հարությունյանը և ակտիվիստ Վարդան Վարդանյանը ոստիկանությանը մեղադրել են ձերբակալությունից հետո իրենց ծեծի ենթարկելու մեջ, սակայն իշխանությունները հրաժարվել են քննություն սկսել:
Ապրիլին իշխանությունները Հարությունյանի 15 տարեկան որդուն մեղադրեցին հոր ձերբակալության ժամանակ միջամտելու և անկարգ վարք դրսևորելու մեջ. հոկրտեմբերին նա 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:
Հունիսին ակտիվիստների դատավարության առաջին լսումների ժամանակ իշխանությունները թույլ չտվեցին լրագրողներին և ընտանիքի անդամներին մտնել դատարանի դաճլիճ՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա»:











































