Տեխասի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները չեն կարողացել պաշտպանել երեքմետրանոց առնադամը, որ մի քանի ժամ շարունակ ծեփել էին ձյունից, որն այնքան էլ հաճախ չի ուրախացնում այդ տաք նահանգի բնակիչներին, գրում է The New York Daily News-ը:
Ձնե քանդակն անցած շաբաթ տեղացած ուժեղ ձյունից հետո կերտել էին ուսանողական քաղաքի հենց կենտրոնում: Քանդակը դուր չի եկել ուսումնական հաստատության ադմինիստրացիային, որն էլ որոշել է բուլդոզերներով քանդել այն: Հեղինակները փորձել են պաշտպանել՝ քանդակի շուրջը օղակ կազմելով, սակայն նրանց ստեղծագործությունը շուտով քանդվել է:
Կարճ տևած հակամարտությունը տեսագրվել է: Տեսագրությունից երևում է, թե ինչպես են ուսանողները փորձում քանդակի վրա ջուր լցնել, որպեսզի այն սառույցով ամրանա և դիմակայի արտաքին ազդեցությանը: Սակայն ավելի ուշ նրանք ստիպված են եղել նահանջել՝ լուսանկարվելով քանդակի ֆոնին:
Քանդակի վրա 10 ուսանողներ են աշխատել: Համալսարանի ադմինիստրացիան զգուշացրել է, որ հակառակվելու դեպքում նրանց մեծ անախորժություններ են սպառնում:











































