Եվրոգոտու երկրների տնտեսությունը կսկսի վերականգնվել 2013-ի երկրորդ կեսին: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:
«Բոլոր ցուցիչները ֆինանսական իրավիճակի զգալի բարելավում են մատնանշում»,- նշել է նա: Դրագիի խոսքով՝ ֆինանսական շուկայի ամրապնդումը դեռևս չի ազդել տնտեսության վիճակի վրա: Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահը կարծում է, որ 2013 թվականի սկիզբը ավելի հեռանկարային է թվում եվրոգոտու տնտեսության համար, քան 2012-ի սկիզբը:
Դրագին հավելել է, որ է ներկայում եվրոգոտու համար առավել կարևոր նպատակը ֆինանսական շուկաների մասնատման հաղթահարումն է: