Հունաստանի կառավարությունը մտադիր է հասնել ՄԱԿ-ում իր բացառիկ տնտեսական գոտու սահմանների հաստատմանը, բացի այդ` ծրագրում է մեծ դեր խաղալ աշխարհաքաղաքական կյանքում: Այս մասին հայտարարել է Ազգային պաշտպանության նախարար Պանոս Պանայոտոպուլոսը:
«Վարչապետ Անտոնիս Սամարասի կառավարությունը ոչ մի միլիմետր չի հեռանա նախընտրական խոստումներից, որոնք վերաբերում են բացառիկ տնտեսական գոտուն… Կառավարությունը մինչև գարնան վերջ հանդես կգա կարևոր նախաձեռնություններով»,- ասել է պաշտպանության նախարարը:
Հունվարի սկզբին հունական ԶԼՄ-ներում հրապարակում հայտնվեց, համաձայն որի՝ Հունաստանի կառավարությունը խիստ գաղտնիության պայմաններում մի քանի ամիս խորհրդակցություններ է անցկացրել շելֆի ապառազմականացման վերաբերյալ և 2013-ի սկզբին մտադիր է հայց ներկայացնել ՄԱԿ:
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին՝ Հունաստանի ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիկական դեպարտամենտը արդեն ավարտել է կոորդինատների որոշման աշխատանքը, և կառավարությունը կանաչ լույս է վառել ՄԱԿ-ի Մայրցամաքային շելֆի հաստատման ծովային իրավունքի հանձնաժողով հայց ներկայացնելու համար: Շելֆի ապառազմականացման մասին Աթենքի միակողմանի որոշումը բարդացնում է հարաբերությունները Թուրքիայի և մի քանի այլ երկրների հետ, օրինակ՝ Լիբիայի:
Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանի աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական դերը բարձրացնելու ժամանակն է:
Նա հարևան Թուրքիային կոչ է արել դադարեցնել Էգեյան ծովի շրջանում օդային և ծովային սահմանների խախտումը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների և կայունության զարգացմանը:
Պանայոտոպուլոսը հայտարարել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերի մասին:










































