ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերը գնահատելիս պետք է առաջնորդվել նրանով, թե որքանով են դրանք կառավարելի, և որքանով թեկնածուները ունեն կառավարման փորձ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, այդ տեսակետից ելնելով` ինքն առանձնացրել է երեք թեկնածուների՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ծրագրերը:
Ըստ նրա՝ Ս. Սարգսյանի ծրագրում ընդհանուր ռազմավարական գերակայությունները տրված են գլուխներով՝ կոռուպցիա, առողջապահություն, ընտանիք և այլն: Հ. Բագրատյանի ծրագրից պարզ երևում է, որ այն կազմել է նախկին վարչապետ՝ պրակտիկ թվերի ոճով, թե երբ, ինչ և ինչպես պետք է արվի, իսկ Հովհաննիսյանի ծրագրում ներկայացված են գերակայություններ և տրված են խնդիրների լուծման ուղիները:
«Երեքի ծրագրերն էլ բավականին հետաքրքիր են` ռազմավարության առումով, երեքն էլ բավականին լավն են ու դրական»,- ասաց Գ. Մակարյանը՝ նշելով, որ ամբողջական ծրագրերը թեկնածուները չեն կարող միանգամից ներկայացնել, և պետք է մաս-մաս ներկայացնեն:
Մակարյանը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրել է այլ երկրների նախագահի թեկնածուների ծրագրերը և եկել է այն եզրահանգման, որ ստանդարտ մոդել չկա, ու յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես ներկայացնի իր ծրագիրը:









































