ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար տրվող դիմումները մեկ շաբաթում կրճատվել են 5 000-ով՝ հասնելով 330 000-ի։ Այսպիսի տվյալներ են ներկայացվել ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում։ Ինչպես հաղորդում է РБК-ն, վերլուծաբանները կանխատեսել էին, որ այդ թիվը կլինի 355 000։
Արդեն երկու շաբաթ անընդմեջ նվազում է դիմումների թիվը։ Սա վկայում էայն մասին, որ եթե գործատուներն անգամ համոզված են, որ սպասվելիք հարկերի աճը անխուսափելիորեն կազդի սպառողական պահանջարկի վրա, ապա միևնույն է՝ աշխատատեղերի կրճատում տեղի չի ունենում։
Տնտեսագետները զգուշացնում են, որ պետք չէ ոգևորվել վիճակագրության արդյունքներով, քանի որ գործազրկության նպաստի հայտերի թիվը կախված է տարվա եղանակներից։ Սակայն աշխատաշուկայի էկոնոմետրիկ տվյալները դրական միտում են հուշում։ Վերջին չորս շաբաթվա ընթացքում դիմումների միջին թիվը կրճատվել է 8 250-ով՝ հասնելով 351 750-ի։ Սա 2008-ի մարտից հետո ամենացածր ցուցանիշն է և հավասար է 2006-ի և 2007-ի միջին տվյալներին։









































