Հնագետները պարզել են, որ համեմատաբար ոչ վաղ անցյալում (բրոնզե դար, 3100-7200 տարի առաջ) եվրոպացիների դիետան ներառել է շան, կատվի ու փորսուղի միս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Մարդու պալեոբնապահպանության և սոցիալական էվոլյուցիայի Կատալանի ինստիտուտի աշխատակիցներին։
Գիտնականները այդ կենդանիների ոսկրերի վրա հայտնաբերել են մարդու ատամների հետքեր, որոնք հայտնաբերվել են Իսպանիայի Էլ-Միրադոր քարանձավում։
Մասնագետների կարծիքով՝ մարդիկ կարող էին նման սննդի դիմել միայն սովի տարիներին։ Սակայն չի կարելի բացառել նաև այն, որ Իբերիական թերակղզում շան միսը համարվել է սպիտակուցի կարևոր աղբյուր կամ արժեքավոր համադամ սնունդ։ Հավանական է նաև, որ շներին սպանել են հանուն մորթու, իսկ կատուներին ու փորսուղներին կերել են, երբ չի հաջողվել որսալ ավելի խոշոր կենդանի։







































