Անցած տարվա դեկտեմբերից դառնալով Բարձր նորաձևության աշխարհի լիիրավ անդամ՝ այսուհետ Maison Martin Margiela մակնիշի դիզայներական կոլեկտիվը ցուցադրում է իր haute couture հավաքածուները «կուտուրյե» պատվավոր կարգավիճակով: Զարգացնելով «անդեմ» թեման՝ հեղինակները կրկին գովերգում են «անավարտ հագուստի» էսթետիկան:
19 look’ հավաքածուներն արդեն պատրաստի հագուստներ չեն, այլ միայն առարկաների հավաքածուներ, որոնք Margiela ոճի յուրաքանչյուր գնահատող կարող է ինքն ավարտել: Անկատարության հիմնական ցուցանիշը մանեկենուհիների փակ դեմքերն են: Այս անգամ անտեսանելիությունն ապահովել են գլխի համար նախատեսված «պարկերը», որոնք զարդարված են մետաքսե լայն ժապավեններով:
Նորաձևության գիծը կրկին «բարդ ձևով պատմում է պարզի մասին»: Maison Martin Margiela Haute Couture գարուն-ամառ 2013-ը կտորի մասերի վիրտուոզ տեխնիկան է, գունային հակադրությունները և բազմաշերտավորությունը: Հավաքածուի մեջ ընդգրկված են երկար զգեստներն արևելյան ոճի լայն ձևվածքի տաբատների համադրությամբ, փայլուն անձրևանոցներ և վերարկուներ, կիմանոներ, որոնք հավաքված են տասնյակ կտորների մասերից, ֆոտոփրինթ և բաճկոններ:
Մակնիշը շարունակում է ցնցել, սակայն ավելի չափավոր. սրանք արդեն զինվորական գուլպաներից ստեղծված երեկոյան պուլովերներ կամ հախճապակու կտորներից կարված բաճկոններ չեն, այլ ընդամենն ամենօրյա հագուստի նոր ավանգարդ ցուցադրում:










































