Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի Գերմանիայի տարածքում՝ չնայած Փխենյանը դեմ է: Այս մասին TASS-ին հայտնել է Sony Pictures Entertainment ընկերության գերմանական ստորաբաժանման ներկայացուցիչը:
«Պրեմիերան նշանակված է փետրվարի 5-ին: Ամեն ինչ կանցնի սովորական ռեժիմով, նախ՝ մամլո ցուցադրություններ, հետո սովորական հանդիսատեսի համար ցուցադրություններ: Ոչ մի բացառություն, իրավիճակն ամենասովորական է»,- ասել է նա: Միաժամանակ, գործակալության զրուցակիցը հրաժարվել է նշել կինոթատրոնների թիվը, որտեղ կցուցադրվի ֆիլմը՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչն ԱՄՆ-ից և Գերմանիայից պահանջել է թույլ չտալ Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում «Հարցազրույցի» ցուցադրությունը: Այդ փառատոնի մամլո ծառայությունում TASS-ին վստահեցրել են, որ փառատոնում սկանդալային ֆիլմը չի ցուցադրվի:
«Հարցազրույց» ֆիլմը թողարման պատրաստելուն Փխենյանի չափազանց կտրուկ արձագանքից հետո Sony Pictures-ի վրա կիբերհարձակում է իրականացվել: ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ հարձակման հետևում Հյուսիսային Կորեան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթն ընդունեցին: Փխենյանը հարձակման մեջ իր մեղքը հերքում է:









































