Sony ընկերությունը, որը էլեկտրոնիկայի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկն է, իր պատմության մեջ առաջին անգամ այս տարվա ամռան վերջին կթողարկի պլանշետային համակարգիչ` Google Android 3.0 պլատֆորմի վրա: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով ճապոնական Nikkei թերթի հրապարակած հոդվածին:
Engadget-ի տվյալներով, որոնք ստացվել են երկու հավաստի աղբյուրներից, Sony-ի պլանշետը կստեղծվի Nvidia Tegra սարքի հենքի վրա և կունենա 9,4 դյույմանոց էկրան: Android 3.0 պլատֆորմի վրա կտեղադրվի ընկերության արտադրած սեփական միջերեսը: Նախատեսվում է, որ սարքի ծրագրային միջուկը կարող է ինտեգրվել Sony-ի էլեկտրոնային բովանդակության տարբեր ծառայություններին:
Բացի այդ, պլանշետային համակարգիչը կունենա PlayStation-ի առաջին սերնդի խաղերի օգտագործման հնարավորություն, սակայն դրա իրագործման մեթոդներն անհայտ են:
Sony-ի նոր և առայժմ անանուն այս պլանշետը կարող է համարժեք պատասխան լինել RIM, HP, Motorola, Samsung, LG, HTC ընկերությունների համարժեք արտադրանքներին: Այս ընկերությունները կամ արդեն վաճառում են իրենց արտադրանքը, կամ էլ պատրաստվում են դա իրականացնել:
Այնուամենայնիվ, Sony ընկերությանը այս շուկայում հանգիստ կյանք չի սպասվում: Այս ոլորտում զգալի արդյունքների հասնել ոչ մեկին չի հաջողվել, բացի Apple-ից:











































