Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր չշտապեց խոսել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին, քանի որ առայժմ չի դիտել այն: Բայց նա քննադատեց դրա շուրջ նկարահանված ծիծաղելի տեսահոլովակները: Ռեժիսորը պահանջում է, որ նման տեսահոլովակներ արտադրողները պատժվեն: Նրա խոսքով` Անժելա Սարգսյանի նկարները տարածողին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման, իսկ տեսահոլովակում մեր դրոշը ծաղրողներին, որոնք ավելի վատ բան են անում, ինչու պետք է չպատժեն:
«Ես չեմ կարծում` որևէ մեկը կա, որ Նժդեհին, որպես հերոս, չի ընդունում, բայց եթե ինչ-որ մեկը դա սխալ է շահագործում, վատ արդյունք է ունենում: Նժդեհը որևէ կուսակցության չի պատկանում, ոչ մեկը Նժդեհին չի կարող սեփականաշնորհել: Նժդեհը մեծություն է, անհատ է, և նրան սեփականաշնորհելը սխալ է. կուսակցությունը տեղի-անտեղի շահարկում է նրա անունը»,- ասաց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանը համաձայն է, որ կար նման ֆիլմի ստեղծման անհրաժեշտություն, սակայն, ըստ նրա, ժողովրդի մեջ կարծիք է տարածված, որ ամեն ինչ տրվում է Քեշիշյանին: Նրա համոզմամբ` կան ճանաչված շատ լավ ռեժիսորներ, Փելեշյան, Կարեն Շահնազարով և այլն, որոնցով կարելի է հպարտանալ:
Քեշիշյանի մյուս ֆիլմերը ռեժիսորը չի սիրում, բայց համոզված է, որ սև PR է սա: Պատճառը, ըստ ռեժիսորի, մեր ազգի սխալ ընկալումն է խոսքի ազատության նկատմամբ:
Նա նշեց նաև, որ պատերազմի մեջ ենք, պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է սահմաններին, շարունակվում է նաև գաղափարական պատերազմը:
Ի դեպ, Նժդեհին մարմնավորող Արտաշես Ալեքսանյանը այդպես էլ չեկավ ասուլիսին. ասել էր, որ մեքենա է շրջվել, բայց թե ինչ մեքենա` չէր ասել: Խոստացել էր կես ժամ ուշացումով գոնե գալ, սակայն այդպես էլ չեկավ:








































