Տոկիոն չի բացառում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների կողմից գերեվարված երկու ճապոնացիների համար փրկագին վճարելու հնարավորությունը: Իսլամիստները 200 մլն դոլար են պահանջել գերիների կյանքի դիմաց: Գրոհայինները սպառնացել են մահապատժի ենթարկել ճապոնացիներին, եթե 72 ժամից փրկագինը չստանան՝ հայտնում է TASS-ը:
Գերեվարվել են PMC Japan մասնավոր ռազմական ընկերության նախագահ Հարունա Յուկավան և լրագրող Կենձի Գոտո Ձյոգոն:
«Ճապոնիայի երկու քաղաքացիներին սպանելու ԴԱԻՇ-ի գրոհայինների սպառնալիքներն աններելի են: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ մարդկանց կյանքը պահպանելու համար: Մենք չենք բացառում, որ նրանց համար կվճարվի պահանջվող գումարը, հիմա այդ տարբերակը մշակվում է,- նշել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Սիհիդե Սուգան:- Ես կապվել եմ վարչապետ Սինձո Աբեի հետ, որը հիմա Պաղեստինի ինքնավարությունում է: Նա հայտարարեց, որ Ճապոնիան կգործի ելնելով այն բանից, որ առաջնահերթը մարդկային կյանքն է»:
ԴԱԻՇ-ի գրոհայինները YouTube-ում տեղադրել են գերիների մասնակցությամբ 2 րոպեից պակաս տևողությամբ տեսանյութ, որում հայտնում են իրենց պահանջը:








































