«Հայկական ժամանակ»-ն առաջնորդողում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի խոստացած նախագիծը՝ Քաղաքացիական պայմանագիրը. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի հպարտ Քաղաքացիներ.
Ինչպես և հայտարարել էի, հանրությանն եմ ներկայացնում խոստացված մի նախագիծ, որ կոչվում է Քաղաքացիական պայմանագիր: Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և ՛միջոցների մասին պատկերացումներ, կամ՝ ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային: Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է և միայն դա: Այսուհանդերձ, մեկ-երկու նրբերանգի ցանկանում եմ անդրադառնալ:
Նախ ևս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների: Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու, կամ չընդունելու իրավունքից օգտվելով:
Ընդունելու լինեմ որևէ առաջարկություն, թե ոչ՝ հույս ունեմ, դրանց վերաբերյալ քննարկումն իրականացնել հրապարակային՝ հասկանալիորեն շարադրելով վերաբերմունքս ամեն առաջարկի վերաբերյալ: Գուցե թե առաջարկություններ չլինեն, լինեն ինչ-որ հարցեր, հաճույքով կպատասխանեմ այդ հարցերին նույնպես, և դա կանեմ հրապարակային: Ոմանք գուցե ոչ հարց ունենան, ոչ առաջարկ, բայց փաստաթղթի վերաբերյալ ունենան ինչ-որ դիտարկումներ, հաճույքով կքննարկեմ նաև այդ դիտարկումները քննադատական լինեն, թե ոչ: Կարճ ասած՝ հույս ունեմ, որ փաստաթղթի, հանուն Ազատ և երջանիկ Հայաստանի մղվող հետագա պայքարի, անելիքների, նպատակների մասին կենդանի քննարկում կծավալվի, որովհետև ի վերջո, սա մի ասելիք է, որ վերաբերվում է բոլորիս: Մենք պիտի խոսենք մեր անցած ու անցնելիք ճանապարհի մասին, պիտի բուռն բանավեճեր ունենանք, պիտի լուծումներ գտնենք, որովհետև դա մեր, բացառապես մեր անելիքն է. նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր հույս ունեմ, հավատում եմ՝ տեսանելի ապագայում պիտի շահագրգիռ ներգրավվածություն ունենան Հայաստանի Ազատ և Քաղաքացիական ապագայի, ավելի ճիշտ, ներկայի կերտման գործում:
…Ի դեպ, հատուկ ընդգծեմ, որ այս քննարկումն ինքնանպատակ չէ: Քաղաքացիական պայմանագիրը քննարկումների արդյունքում պետք է ստանա վերջնական տեսք, և դրանից հետո պատիվ կունենամ դրանով հետաքրքրված քաղաքացիներին առաջարկել, խնդրել, որ միանան Պայմանագրին: Հաջորդ փուլում այսինքն, որի ժամկետները նույնպես կքննարկենք, քաղաքացիները հնարավորություն կստանան սահմանված կարգով միանալ Պայմանագրին, և նրա գործունեությունը այդպիսով կլինի մեկնարկած: Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է: Աստված մեզ օգնական»:









































