Հայաստանի Ռիելթորների և գնահատողների միության և անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների կողմից ստեղծված Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնությունը՝ «60.000-ին դեմ», այսօր խորհրդաժողով էր հրավիրել՝ քննարկելու «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, և որոնցով անշարժ գույքի շուկայի միջնորդ կազմակերպությունների աշխատակիցների համար լրացուցիչ 60 հազար դրամ հարկ է ավելանում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց նախաձեռնության անդամներից «Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը, խորհրդաժողովին հրավիրվել էին նաև ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանցից ոչ մեկը չէր եկել:
Ա. Գոջաբաշյանը հայտնեց, որ որոշվել է շարունակել պայքարը, և վաղը ՀՀ նախագահի նստավայրի մոտ ռիելթորները ակցիա կանցկացնեն և կհանձնեն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը, որով խնդրում են իրենց գործունեությունը վերադարձնել շրջանառության հարկային դաշտ:








































