Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությամբ՝ ինքը թույլ չի տա ապստամբության մեջ կասկածվող անձանց մուտքը Զինված ուժեր: Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նման հայտարարություն է արել Վրաստանի Հանրային հեռարձակողի «Շեշտադրումներ» հաղորդման ժամանակ: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Որպես պաշտպանության նախարար՝ ինձ համար անընդունելի է նույնիսկ Զինված ուժերում ապստամբության նախադեպ թույլ տալը: Անընդունելի է նաև այն, որ ապստամբության մասնակիցները կամ դրանում կասկածվողները ինչ-որ կերպ վերադառնան Զինված ուժեր: Նախարարությունը մեծ զգուշավորությամբ է վերաբերվում զինվորական ծառայություն նման մարդկանց վերադարձին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ նման մարդիկ սպառնալիք են այդ գերատեսչության համար, և իրենք նման մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն չեն ցուցաբերի:
Հիշեցնենք, որ Մուխրովանի ապստամբության մեջ մեղադրվող անձինք մի քանի օր առաջ ազատ են արձակվել որպես քաղբանտարկյալներ:









































