Կոսովոյում տիրող իրավիճակը միակողմանի կերպով անկախություն հռչակելուց ավելի քան 4 տարի հետո մնում է չափազանց ծանր: Այս մասին ասվում է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է շվեդ խորհրդարանական Բյորն ֆոն Զյուդովի պատրաստած՝ «Իրավիճակը Կոսովոյում և Եվրոպայի խորհրդի դերը» զեկույցի հիման վրա:
«Վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակում է Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ վարել չեզոքության քաղաքականություն, չնայած այն հանգամանքին, որ 47 անդամ երկրներից 34-ը ճանաչել են Կոսովոն որպես ինքնիշխան անկախ պետություն… Այն (Վեհաժողովը.- 1in.am) ևս մեկ անգամ ընդգծում է, որ անկախ Կոսովոյի կարգավիճակից՝ նրա բնակիչների համար պետք է ապահովել պատշաճ կառավարում, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և նույնպիսի իրավական իրավունքներ, ինչպես Եվրոպայի մյուս բնակիչների համար»,- ասվում է փաստաթղթում:
ԵԽԽՎ-ն ենթադրում է, որ Պրիշտինայի և Բելգրադի միջև բանակցությունների ներկա փուլում, որն ընթանում է Եվրամիության միջնորդությամբ վարչապետների մակարդակով, երկու կողմերն էլ մեծ պատրաստակամություն են դրսևորում նպաստելու խաղաղությանը և անցյալի ժառանգության հաղթահարմանը:
Միաժամանակ եվրախորհրդարանականները «ափսոսանք են հայտնել, որ Կոսովոյում օրենքի գերակայության ձևավորումը տեղի է ունենում դանդաղ, հատկապես այն հարցում, ինչ վերաբերում է ինչպես Կոսովոյի հյուսիսում, այնպես էլ հարավում կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարին»:
«Վեհաժողովն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ սերբ բնակչության անվտանգության հետ կապված Կոսովոյի հյուսիսում, որտեղ պահպանվում է լարվածությունը»,- ասվում է բանաձևում:









































