Հայաստանի նախագահի ընտրության քարոզարշավի մեկնարկը մի տեսակ բուտաֆորիկ ստացվեց: Մեկնարկել է դե յուրե մի շատ կարևոր գործընթաց, որը դե ֆակտո հանդիսանում է թատրոն, որին մարդկանց մի մասը մասնակցում է միանգամայն գիտակցաբար, իսկ մյուս մասը՝ չգիտակցելով մասնակցության վտանգավոր հետևանքները թե իրենց, թե հասարակության համար: Իսկ հանրային լայն շրջանակների համար թատրոնն ամենևին հետաքրքիր չէ:
Փոխարենը հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո, երբ վարագույրը փակվի և հանդիսատեսը վեր կենա տուն գնալու: Ինչ է տեղի ունենալու կուլիսներում և ինչ է տեղի ունենալու կախիչների մոտ, որտեղից սկսվում և որտեղ ավարտվում է թատրոնը: Կուլիսներում տեղի ունենալիքի մասին, իհարկե, խոսել ենք, խոսում ենք, անկասկած դեռ առիթ կլինի խոսելու: Այդ հարթության վրա տարբերակները քաղաքական-փորձագիտական մակարդակում բավական շատ են քննարկվել և դեռ կքննարկվեն: Իսկ ի՞նչ է սպասում թատրոնի կախիչի մոտ: Այսինքն՝ հանդիսատեսը, որ դուրս է գալու թատրոնից, կախիչների մոտ գտնելո՞ւ է իր վերարկուն, գլխարկը, ձեռնոցները, թե՞ այնտեղ նրանց ասելու են՝ կներեք, բայց դուք դրանք հետ չեք ստանա, որովհետև ինչ-որ մեկը հագավ և գնաց: Ամենայն հավանականությամբ հենց դա էլ տեղի է ունենալու, ինչպես բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Հանդիսատեսին այս անգամ էլ ասելու են՝ կներեք, բայց…:
Միայն, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ հանդիսատեսը ամենայն հավանականությամբ չի էլ բողոքի այդ ամենի դիմաց: Այսինքն, եթե նախորդ անգամներում չստանալով իր գլխարկն ու վերարկուն՝ հանդիսատեսը բողոքում էր, աղմուկ էր բարձրացնում, նույնիսկ շուրջօրյա ակցիաներ անում, այս անգամ նա երևի թե սուսուփուս կընդունի այն փաստը, որ վերարկուն էլի չվերադարձրին, և կգնա տուն: Աղմուկի համար նախադրյալներ չկան: Նախ՝ առաջադրված թեկնածուներն այնպիսին չեն, որ լուրջ խնդիրներ դնեն Սերժ Սարգսյանի համար, և բացի այդ էլ՝ նրանցից որևէ մեկը, այսպես ասած, փողոցի, զանգվածների մարդ չէ: Առաջին հերթին, իհարկե, խոսքը Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է: Նրանք են, այսպես ասած, ազդեցիկ ընդդիմադիր թեկնածուները: Բայց ինչքան էլ նրանք բոլոր չափանիշներով առավել նախապատվելի են Սերժ Սարգսյանից, միևնույն է՝ ակնհայտ է, որ նրանք ընտրակեղծիքների մեքենան կանգնեցնել չեն կարողանալու: Իսկ մեքենան կանգնեցնել պետք է ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց այդ պահին և նույնիսկ առաջ:
Բանն այն է, որ Հայաստանի ընտրակեղծարարության մեքենան կատարելագործվել է այնքան, որ այլևս կեղծիքները հետո չեն անում ու ոչ էլ՝ նույնիսկ ընթացքում, այլ անում են դեռ քվեարկությունից առաջ: Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, և որևէ այլ ներկայացված կամ չներկայացած թեկնածու, չունեն այդ ամենը կանխելու ռեսուրսներ: Նրանց ներկայիս ռեսուրսները օբյեկտիվորեն բավարարում են միայն քարոզարշավին, այն դեպքում, երբ իշխանությունը քարոզարշավի կարիք, ըստ էության, չունի էլ: Նա իր բոլոր ռեսուրսները ներդնում է կեղծարար մեքենայի աշխատանքը կազմակերպելու վրա, իսկ քարոզարշավը ընդամենը շղարշի պես մի ուղեկից է, որը միայնակ կարողանում է տանել Սերժ Սարգսյանը: Դա է իրականությունը, և այն չնկատելը, այսպես ասած, պայքարող ոգու հատկանիշ չէ կամ հասարակությանը հուսահատեցնելու դավադրություն: Դա չնկատելը պարզապես ինքնախաբեություն է, որովհետև եթե մի քանի անգամ ավելի լարված և էներգետիկ իրավիճակներում չի հաջողվել հասնել էական արդյունքների, ապա ներկայիս վիճակում դրա մասին մտածելը հավասարազոր կլինի ռեսուրսների, էներգիայի և ժամանակի այնպիսի մսխումի, ինչպես պետական փողերը մսխում է իշխանությունն իր առօրյա գործունեության մեջ:
Այնպես որ, կախիչներում տեղի ունենալիքը պարզ է, և թեկնածուների խնդիրը պետք է լինի ոչ թե հասցնել հանրությանը կախիչների մոտ և ըստ էության մասնակից լինել նրանց վերարկուների, գլխարկների ու ձեռնոցների յուրացմանը, այլ բացատրել հենց այն, ինչ կատարվում է թատրոնում և հանգամանալից, համակարգային ձևով ներկայացնել թատրոնի կառուցվածքը՝ շենքից մինչև ներքին փոխհարաբերություններ, որպեսզի մարդիկ հերթական անգամ չխաբվեն: Ահա հենց այդ իմաստով է, որ թեկնածուները պետք է իքս պահին հրաժարվեն ընտրությունից, երբ այլևս կլրանա հրաժարվելու ժամկետն ու նրանց անունները հնարավոր չի լինի հանել քվեաթերթիկից:
Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, չի երաշխավորում, որ հրաժարվելով, նրանք հասարակությանը ինքնաբերաբար ցույց են տալիս լուսավոր ճանապարհը: Ամենևին: Նրանց մի որոշ մասը նույնիսկ ինքն էլ երևի թե պատկերացում չունի, թե ինչն է այլընտրանքային տարբերակը, որն է մյուս ճանապարհը՝ չմասնակցելու դեպքում: Ավելին՝ կան, անշուշտ, թեկնածուներ, որոնք մասնակցում են՝ ուղղակի պատկերացում չունենալով, թե ուրիշ ինչ պետք է անել, համոզված լինելով, որ պետք է, միևնույն է, պայքարել, օգտագործել ամեն մի շանս: Բայց ռացիոնալ դիտարկումը ցույց է տալիս՝ նաև, այսպես ասած, նորագույն պատմության նախադեպերով, որ դա ճանապարհ չէ, այսինքն՝ ճանապարհ է կախիչ-դահլիճ-կախիչ երթուղով, որն անցնում ես վերարկուով, իսկ վերադառնում ես առանց դրա: Իսկ դա՝ հանրության հետ ազնիվ որևէ թեկնածուի համար, եթե նա ունի քաղաքական մտածողության և իրապաշտության քիչ թե շատ բավարար բաժին, չի կարող լինել ճանապարհ, որով կանցնի ինքն ու կտանի նաև քաղաքացիներին:
Այն, որ չկա նաև այլ ճանապարհի կազմակերպված, մշակված տարբերակ՝ կախիչ-դահլիճ-կախիչ երթուղով անցնելու պատճառ կամ արդարացում չէ: Չկա այլ տարբերակ, այլ ճանապարհ՝ շատ լավ, ուրեմն պետք է խորհել հենց այն ստեղծելու, ձևավորելու մասին, քննարկել տարբերակները: Բայց հենց միայն այն, որ հանրությանը զերծ կպահեն ակնհայտ յուրացման ճանապարհով անցնելու և «վերարկուներիցե ու «գլխարկներից» հերթական անգամ զրկվելու հեռանկարից, դա արդեն իսկ կլինի հրաժարումի մարտավարության կոնկրետ, հստակ արդյունք: Այսինքն՝ քաղաքացին կոնկրետ զերծ պահված կլինի հերթական անգամ «կախիչի» մոտ ձեռնունայն մնալու, նյութական և հոգեբանական կորստի վիճակից, ինչը կլինի քաղաքական գործչի հասարակությանը մատուցած միանգամայն կոնկրետ և շահեկան ծառայություն: Ի վերջո, հենց դա է քաղաքական գործչի առաքելությունը:





































