CNN Türk-ի փոխանցմամբ, Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցավորությունների դատարանում տեղի է ունեցել հայկական «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի դատավարության հերթական նիստը:
Դատարանում մարդասպանը 5 էջանոց մի գրություն է ընթերցել` նշելով. «Ես ընդհանրապես պատմություն «չգիտեի», «չգիտեի», թե Ագօս»-ն ինչ է, Հրանտ Դինքն ով է, հայերն ովքեր են: Ես միջնակարգ դպրոցն ավարտած մի երիտասարդ էի:
Ես «մեղավոր» չեմ, մեղավորը Դինքին ազգի դավաճան հռչակած հրապարակումներն են: Մի՞թե ես եմ Դինքին, Փամուքին պետական դավաճան ճանաչող հաղորդումների ու հոդվածների հեղինակը»:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում «պատմությունից» անտեղյակ Սամասթը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա:







































