1921թ. այս օրը Երևանում ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ 5 տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո` 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
1950-1956թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր վախճանվել է 1983թ. նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով` դասական, պոպ, ջազ: Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952):
Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին: խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:










































