Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը՝ Վերին ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն, դարձել է քրեական գործի մասնակից: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նա մեղադրվում է դատարանի որոշումը չկատարելու մեջ:
LB.ua պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ Վլասենկոն կարող է դառնալ առնվազն երեք քերական գործի մասնակից: Պարբերականի տվյալներով՝ նա մեղադրվում է նաև խուլիգանության և ավազակության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս բոլոր երեք դրվագները տեղի են ունեցել Վլասենկոյի և նրա նախկին կնոջ՝ Նատալյա Օկունսկայի ամուսնալուծության գործընթացի ժամանակ:
Եթե Վլասենկոյի մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:
LB.ua աղբյուրը նաև հաղորդել է, որ այս շաբաթ Ուկրաինայի խորհրդարանին ներկայացվելու է Վլասենկոյին պատգամավորական լիազորություններից զրկելու պահանջ: Դեռևս հայտնի չէ, թե ով է ներկայացնելու նման պահանջ:








































