Ադրբեջանական Apa.az կայքի փոխանցմամբ, «Հասարակական պալատ հանուն ժողովրդավարացման» քաղաքացիական շարժման Կոորդինացիոն խորհրդի անդամ Ադապետ Յուսիֆովը հայտարարել է, որ ապրիլի 2-3-ը տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է հաջորդ ցույցն անցկացնել ապրիլի 16-ին: Այդ մասին լրացուցիչ կհայտարարվի շարժման` ապրիլի 9-ին կայանալիք նիստում:
Նիստում նաև վճռվել է ստեղծել Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե, որը կպաշտպանի ապրիլի 2-ին և մինչ այդ ձերբակալվածների իրավունքները: Կոմիտեի ղեկավար է նշանակվելու Վիդադի Միրկամապը:
Նիստում նաև հայտարարվել է, որ ապրիլի 2-ի բողոքի ակցիան կարելի է հաջողված որակել:
Հիշեցնենք, որ «Հասարակական պալատ հանուն ժողովրդավարացման» քաղաքացիական շարժումը ձևավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին` ի պատասխան նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված ընտրությունների: