Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը և շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:
Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատական իշխանությունը հանդիսանում է ժողովրդավարական համակարգի և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից քաղաքակիրթ պետությունը: Ըստ Բակո Սահակյանի` պետության հանդեպ հասարակության վստահությունը, երկրում արդարության և օրենքի առջև հավասարության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև դատական համակարգի արդյունավետ գործունեությամբ:
Երկրի ղեկավարն ընդծել է, որ արդարադատության իրականացման համար մեր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները` միաժամանակ հավելելով, որ այն պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ անելիքներ դեռևս շատ կան: Այս համատեքստում Բակո Սահակյանը հատկապես կարևորել է կադրերի արհեստավարժության բարձրացումը, նրանց պատրաստման, վերապատրաստման և հուսալի ռեզերվի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավումը:
Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներիի երդման արարողությունը:












































