Արևելյան Թուրքիայում 100-ից ավելի գյուղեր ամբողջովին մեկուսացել են արտաքին աշխարհից ուժեղ ձյան և սառնամանիքի պատճառով: Հինգշաբթի օրն Anadolu գործակալությունը հայտնում է, որ վատ եղանակն առավելապես ազդել է Բիթլիս, Վան, Արդահան և Էրզրում նահանգների վրա:
Այդ տարածքում գործնականում բոլոր ճանապարհներն արգելափակված են, տեղի բնակիչները փորձում են սեփական ուժերով ելք գտնել:
Բուժծառայությունները տագնապային պատրաստության են բերվել: Որոշ բնակավայրերում դադարեցվել են դասերը: Խախտված է էլեկտրամատակարարումը: Փրկարարական ծառայություններն օգնում են տուժածներին, մթերքներ, դեղամիջոցներ են մատակարարում:









































