Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն այցելել է ուսումնամարզական հավաքներում գտնվող ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականներին:
Այցելությունն սկսվել է Աբովյան քաղաքից, որտեղ իր ուսումնամարզական հավաքն է անցկացնում ծանրամարտի տղամարդկանց հավաքականը: Հավաքի մասնակիցները գոհունակությամբ նշել են, որ բավականին լավ է կազմակերպված մարզիկների, ինչպես բնակության, այնպես էլ սննդի պայմանները: Որպես հուզող խնդիր նախարար Ռոստոմյանին ներկայացվել է անհրաժեշտ մարզագույքի բացակայության հարցը: Հավաքականի մարզչական և մարզական կազմի հետ նախարարը քննարկել է բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր ևս, որոնք հենց տեղում գտել են իրենց լուծումները:
Հաջորդ այցելության վայրը Ծաղկաձորի սպորտային բազան էր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ծանրամարտի կանանց հավաքականը և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ ընդլայնված կազմով: Հանդիպելով երկու մարզաձևերի հավաքականների հետ՝ նախարարը ներկաների հետ քննարկել է բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել նման հավաքները:
«Մեկնարկել են Ռիո դե Ժանեյրոյում 2016թ.կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական քառամյա ծրագրերը: Կարևոր են ճիշտ կազմակերպել այդ աշխատանքները: Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ այս տարվա ուսումնամարզական հավաքների հաջող մեկնարկները: Անձամբ ներկա գտնվելով հավաքներին, որպես ոլորտի պատասխանատու՝ նպատակ ունեմ, տեղում ծանոթանալով ուսումնամարզական պրոցեսները ճիշտ կազմակերպելուն խանգարող հնարավոր խնդիրներին, գտնել դրանց լուծման ուղիները, որոնք հնարավորինս կնպաստեն մեր մարզիկների հաջող օլիմպիական ելույթներին Ռիոյում»,- ասել է Հ. Ռոստոմյանը:











































